ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ շուրջ 50 հազար մարդ է պատվաստվել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Գարդասիլով» պատվաստումները Հայաստանում մեկնարկեցին 2017 թվականի դեկտեմբերի 11-ին։ Պատվաստում էին 13 տարեկան և բարձր տարիքի աղջիկներին նախքան սեռական առաջին հարաբերությունը։ Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում տեղեկություն էր տարածվում, որ «Գարդասիլը» վտանգավոր է և կարող է անպտղության հանգեցնել, ինչը, մասնագետի խոսքով, առաջին տարին անդրադարձավ պատվաստումների ցուցանիշների վրա. այդ ժամանակ պատվաստվեցին 13 տարեկան 1500 աղջիկ։
Դրանից հետո որոշվեց բարձրացնել տարիքային շեմը և սկսեցին պատվաստում ստանալ մինչև 45 տարեկան անձինք, ընդ որում` և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Նպատակը մեկն էր` ցույց տալ, որ պատվաստանյութն անվնաս է։ Ավելին` հետպատվաստման շրջանում որևէ բարդացումներ չհայտնաբերվեցին։ Սահակյանի խոսքով` ծնողներից շատերն իրենց վրա փորձելով պատվաստանյութը` սկսեցին դուստրերին տանել պատվաստվելու։
«Պատվաստում ստացածների հիմնական մասը մեծահասակ կանայք են, միայն 20%–ը` 13 տարեկան աղջիկները, այսինքն` մեր թիրախային խումբը։ Պատվաստումն առավել արդյունավետ է հենց 13 տարեկանների շրջանում, այդ պատճառով տարիքային շեմը նման բարձր մակարդակի թողնելը նպատակահարմար չէ», – ասաց փորձագետը։
Սահակյանը նշեց, որ Երևանում մարզերի համեմատ ամենացածր ցուցանիշն է գրանցվել ոչ միայն պապիլոմա վիրուսի պատվաստման առումով, այլև բոլոր պարտադիր պատվաստումների։ Նա կարծում է, որ դա կապված է ոչ այդքան բացասական քարոզի հետ, որքան բուժհիմնարկների աշխատակիցների վերաբերմունքի, որոնցից շատերը ոչ այդքան գրագետ և կոռեկտ են պատմել պատվաստման նպատակների և դրական կողմերի մասին, ինչ պատճառով քաղաքացիները հրաժարվել են պատվաստումից։
Նշենք, որ այս պատվաստումը պարտադիր չէ։ Դրանից հրաժարվելու համար ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա և գրավոր դիմում գրի` հաստատելով, որ ծանոթ է հավանական հետևանքներին։ Հայաստան ներմուծած «Գարդասիլի» ամբողջ խմբաքանակն արտադրվել է ԱՄՆ–ում 2016 թվականին, լաբորատոր ստուգում է անցել Նիդեռլանդներում։