«Բանակցություններում Արցախի ներգրավումը պրակտիկ նշանակություն ունի». Մնացականյան

Հայ–ադրբեջանական շփման գծում էսկալացիայի ռիսկերի նվազեցումը Հայաստանի համար գերակայություն է։ Արտգործնախարարն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Արցախի ներգրավումը բանակցային պրոցեսում պրակտիկ նշանակություն ունի բանակցային գործընթացի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի, անհնար է, կարծում եմ` իրողություն է, որն ընդունվել և արտահայտվել է տարբեր առիթներով, վերջինը` ՌԴ արտգործնախարարի այցի ընթացքում։ Բայց նաև այնպես չէ, որ մյուս համանախագահող երկրների համար սա նույն չափով ընկալելի չէ»,– ասաց Մնացականյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին ու վերջին շրջանում դրանց աճի միտումներին` նախարարը նշեց, որ դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկն է։

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը

«Մենք դա անվանում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, անկախ նրանից, թե ինչպես դրանք կկոչվեն` Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, թե որևէ այլ։ Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ Բոլոր այն գործողությունները, որոնք բերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար գերակայություն է»,– ասաց նա։

Նախարարի խոսքով` այս պայմանավորվածությունները բանակցային փաթեթի անբաժանելի ու կարևոր բաղադրիչն են։

Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ վերջին ավելի քան 1 տարվա ընթացքում Հայաստանը ցույց է տվել բանակցային գործընթացի նկատմամբ իր լրջությունն ու ակտիվությունը։

Հիշեցնենք` ԱԳՆ–ն այսօր հայտարարություն էր տարածել` խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով երեկ վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: