«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին

Աշխարհահռչակ հայ հայտնիներն ընդունում  են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը, իրենց հերթին նոր մարդկանց ներգրավելով սկսված ակցիային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10 հազար դրամ նվիրաբերելու մարտահրավերը: Այս մասին Ալեքսիսը հայտնել է Twitter–ի իր էջում:

«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան»,- գրել է  գործարարը:

​Արդեն տեղեկացրել ենք, որ System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը։ Այս մասին վկայող տեսանյութը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր Facebook–ի իր էջում։

Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

Թանկյանը նշել էր, որ իր հերթին մարտահրավեր է նետում սփյուռքահայ հումորիստ Վահե Բերբերյանին, դերասանուհի Անժելա Սարաֆյանին, հոլիվուդյան պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին։

Հեռուստամարաթոն 2019. որքա՞ն գումար են հանգանակել ամբողջ աշխարհի հայերը

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։