Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

Սերժ Թանկյանն իր հերթին մարտահրավեր է նետել 3 հոգու, առաջարկելով նրանց միանալ չելենջին և ամսական որոշակի գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը։ Նա ամսական 23 դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին վկայող տեսանյութը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել է Facebook–ի իր էջում։

Թանկյանը նշել է, որ իր հերթին մարտահրավեր է նետում սփյուռքահայ հումորիստ Վահե Բերբերյանին, դերասանուհի Անժելա Սարաֆյանին, հոլիվուդյան պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Նա առաջարկեց դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ:

Նոյեմբերյան հեռուստամարաթոն՝ հարցեր և ակնկալիքներ

Փաշինյանն ինքը մարտահրավեր նետեց System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Ինչո՞ւ է «Հեռուստամարաթոնն 2018»-ն ավելի քիչ գումար հավաքել. պարզաբանում է Հայրապետյանը

ՀՀ վարչապետը նշեց, որ իր աշխատավարձից ամեն ամիս ավտոմատ կերպով 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին։

Նշենք, որ սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնն է։ Այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրեր: