Մեկ հովանու ներքո. ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ՀԱՊԿ-ից հաջորդ տարի

Ռուսաստանի քայլերը, որպես ՀԱՊԿ առաջատար երկիր, մեծամասամբ համապատասխանում են Հայաստանի սպասումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. 2020 թվականին ՀԱՊԿ–ում Ռուսաստանի նախագահությունը խոստանում է բեկումնային լինել ռազմաքաղաքական կազմակերպության հետագա գործունեության համար։ Համենայնդեպս, այս մասին է վկայում այն վճռականությունը, որով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին ուրվագծել է Մոսկվայի նպատակներն ու խնդիրները։

Ո՞վ է ուզում ՀԱՊԿ մտնել. Սեմերիկովը խոսել է հնարավոր գործընկերների ու դիտորդների մասին

Ռուսաստանի նախագահը հայտարարեց ընդհանուր սպառնալիքները կանխելու կամ նվազեցնելու հետ կապված գործնական քայլերի անհրաժեշտության, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անվտանգության ամրապնդման մասին։

«Մոսկվայի նպատակները որպես կազմակերպության լոկոմոտիվ մեծամասամբ համահունչ են հայկական կողմի սպասումներին։ Նախևառաջ, խոսքը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգերի ստեղծման մասին է։ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվ առաջ են մղում այդ հարցը, ինչը, ի դեպ, չի կարելի ասել Ղազախստանի և Բելառուսի մասին», – Sputnik Արմենիայի եթերում ասում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով` հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հավաքական համակարգեր ստեղծելն այսօր ավելի կարևոր է, քան ՀԱՊԿ–ում որպես դիտորդ նոր երկրների ներգրավելը։ Ոչ պակաս առանցքային հարց է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման միասնական սկզբունքների  մշակումը։

Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից

Բիշքեկում կայացած նիստին ՌԴ նախագահը խոսել է նաև ՀԱՊԿ–ի «ընկերների շրջանակի» ընդլայնման մասին` բոլոր շահագրգիռ պետական և միջազգային միավորումների հետ համագործակցությունը զարգացնելու շնորհիվ։ Պուտինը հիշեցրել է, որ անցած տարի կողմերը ընդունել են փաստաթղթերի փաթեթ, որը թույլ է տալիս ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել։

Ջամալյան. «ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամագրումը մեզ համար ցանկալի հեռանկար չէ»

Մարջանյանի խոսքով` դիտորդի կարգավիճակի հավանական հավակնորդ կարելի է համարել Ադրբեջանին, Միջին Ասիայի որոշ պետությունների և Իրանին։ Ադրբեջանի հետ սակայն խնդիրներ կլինեն, քանի որ Հայաստանը բազմիցս հասկացրել է, որ վետո է դնելու Բաքվին դիտորդի կարգավիճակ տալուն։ ՀԱՊԿ–ում որոշումները, ինչպես հայտնի է, կոնսենսուսով են ընդունում։

«Հարավային Կովկասում իրավիճակը դեռ այնպիսին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող գտնվել անվտանգության ընդհանուր միջավայրում։ Իրավիճակը, իհարկե, կարող է փոխվել... Շատ բան այստեղ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանի ավելի կոնստրուկտիվ պահվածքին հասնելու նրա կարողությունից», – նշեց Մարջանյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ–ի կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Հայաստանը կշարունակի ներդրում ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. Փաշինյան