ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խայտառակ պարտության համար միայն հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել պետք չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
«Բոլորը նշում են, որ կենտրոնական երեք պաշտպաններով կամ հինգ պաշտպաններով խաղալը սխալ էր: Բայց մեր հավաքականի եզրային պաշտպաններ Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը իրենց ունակություններով հնարավորություն են տալիս խաղալու այդ մարտավարությամբ» - ասեց նա:
Իսկ թե ինչու կենտրոնական պաշտպանները չէին կարողանում ժամանակին փակել ազատ գոտիները, բոլորովին այլ հարց է: Բերեզովսկու խոսքով` սա հարց է, որը սխալներն ուսումնասիրելու և դրանք ուղղելու հնարավորություն կտա։
Լեգենդար դարպասապահն արձանագրել է, որ հայկական ֆուտբոլում խնդիրները հիմնականում առաջ են գալիս կարճ ընդմիջումից հետո, երկրորդ խաղի ընթացքում: Մեկը սխալվում է խաղադաշտում, ու ձախողումը սկսում է շղթայական բնույթ կրել:
«Խնդիրը կարող է լինել նաև թիմի վերականգնման մեջ: Համենայնդեպս, մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ինչ հնարավորություններ ունի մեր հավաքականը Մխիթարյանի հետ և առանց Մխիթարյանի»,- նշեց Բերեզովսկին:
Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր
Աբրահամ Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց նոյեմբերի 7-ին` Հայաստանի և Հունաստանի հավաքականների հետ ընտրական խաղից մի քանի օր առաջ: Հասկանալի է, որ արագ կերպով ուժեղացնել կամ թուլացնել հավաքականի խաղը Խաշմանյանը նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէր կարող:
«Ես շատ քիչ ժամանակ եմ շփվել Խաշմանյանի հետ, բայց այդ մի քանի օրվա ընթացքում համոզվեցի, որ նա իր գործին տիրապետող ու մարզումների ժամանակ սառնասիրտ մասնագետ է: Միգուցե խաղերի ժամանակ էմոցիաներն ավելի ցայտուն են երևում, բայց մարզումների ժամանակ Խաշմանյանը բարձրության վրա էր» - ասաց Բերեզովսկին:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իտալիա խաղից հետո ասուլիսում Խաշմանյանի արտահայտած «սա ազգային հավաքական չէր, այլ հավաքական» մտքին, ապա դարպասապահը նշեց, որ իր այդ արտահայտությամբ Խաշմանյանը սխալվեց։
«Ընդունում եմ, որ Խաշմանյանի նման արտահայտությունը ոչ տեղին էր, ոչ էլ պետք էր ասել: Մարդը սխալվեց, ու հիմա այդ սխալի համար ճի՞շտ է նրան մարզիչ չհամարել: Չեմ կարծում»,- ընդգծեց նա:
Ըստ Բերեզովսկու` երբ թիմդ 1:9 հաշվով պարտվում է, պետք է հասկանալ, որ մարզիչը հոգեբանորեն շատ ծանր վիճակում է, իսկ խոսքի ժամանակ հնարավոր են նաև վրիպումներ:
«Պետք չէ բոլոր սլաքներն ուղղել մարզչի ուղղությամբ»,- նշեց նա:
Հայտնի դարպասապահի խոսքով`մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է մտածել հայկական ֆուտբոլի մակարդակը բարձրացնելու և մարզիչներին հավաքականի կազմի ընտրության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:
Նշենք, որ նոյեմբերի 7-ին հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորելու է Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2020թ–ի նոյեմբեր։
Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին
Հիշեցնենք` նոյեմբերի 18–ին Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին`Իտալիա–Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականը 9։1 հաշվով պարտություն գրանցեց։ Այն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր։
Մեր հավաքականը խոշոր հաշվով պարտություններ էր կրել նաև Վրաստանի և Չիլլի հավաքականների հետ ընկերական հանդիպումների ժամանակ 1997թ.–ին։ Այն ժամանակ գրանցվել էր 7։0 հաշիվ։