ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ասում են`բոլոր ժամանակներում լավագույնը ճանաչված 100 հետախույզներ են եղել աշխարհում, բայց Պետրոս Պետրոսյանի համար Գեորգի Անդրեևիչն ու Գոհար Լևոնովնան առաջին տեղում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայազգի լեգենդար հետախույզ ամուսինների` Գևորգ և Գոհար Վարդանյանների ծառայակից ընկեր, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան Պետրոս Պետրոսյանը։
«Ես նրանց հետ շփվել եմ 1951թ–ից հետո, երբ Հայաստան եկան։ Այդ ժամանակ ես Պետական անվտանգության կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալն էի, հետո բաժնի պետը»,– հիշում է նա։
Աշխատանքի բերումով Պետրոսյանը շատերին է անձամբ ճանաչել, բայց համոզված է` հետախույզ ամուսինների պես պրոֆեսիանալներ չենք ունեցել։
1970-ականներին, երբ ամուսիններն աշխատում էին Իտալիայում, Պետրոս Պետրոսյանի խոսքով, նրանց հաջողվել է անգամ ՆԱՏՕ–ի ինքնաթիռով ԱՄՆ թռչել։
«Իտալիայում եղած ժամանակ նրանց անհրաժեշտ էր օպերատիվ գործով շատ շտապ ԱՄՆ մեկնել։ Բայց ինքնաթիռ, չվերթ չկար։ Այդ ժամանակ ՆԱՏՕ–ի ամերիկացի բարձրաստիճան սպաներից մեկը նրանց է տրամադրում ՆԱՏՕ–ի օդանավը, որ հասնեն ԱՄՆ։ Իսկ երբ արդեն գաղտնազերծվեց, որ նրանք խորհրդային հետախույզներ են, ու ամերիկացին իմացավ այդ մասին, նա պարփակվեց, էլ ոչ մեկին ոչ մի բառ չասաց»,– պատմում է Պետրոսյանը։
Ամերիկացի զինվորականը պատահական մարդ չէր։ Նա Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ստենոֆիլդ Թերներն էր, որը հետագայում նշանակվեց ԱՄՆ ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրեն։
Գևորգ և Գոհար Վարդանյանների հիմնական առաքելությունն Իտալիայում ՆԱՏՕ–ի Հարավային թևն ուշադրության կենտրոնում պահելն էր։ Առաջադրանքը կատարելու տարիներին նրանց հաջողվել էր ձեռք բերել հասարակական բարձր դիրք, լավ հարաբերություններ հաստատել Իտալիայի նախագահի, նախարարների, ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաների ու անձամբ ծովակալ Թերների հետ։
Եթե այս կապերը չլինեին, Վարդանյան զույգին հազիվ թե հաջողվեր ՆԱՏՕ–ի ինքնաթիռով ԱՄՆ հասնել։
Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ ծանոթությունից հետո միայն ծնունդով գյումրեցի Պետրոսյանը պարզեց, որ Գոհար Վարդանյանը (աղջկական ազգանունը` Փահլևանյան) ևս գյումրեցի է։ Ավելին` նրանք մի թաղամասում են ծնվել, մեծացել, ինքն էլ նրա եղբայրների խաղընկերն է եղել։
«Մեր փողոցը 41 փողոցն էր, իրենցը` 39-ը։ Իրենց փողոցում աղբյուր կար, ես միշտ այդ աղբյուրից գնում, ջուր էի բերում։ Իր երկու եղբայրների հետ ծանոթ էի. նրա հետ հետո ծանոթացա»,– ասում է Պետրոսյանը։
Իր բոլոր հուշերը, պատմական կարևոր դրվագները 95-ամյա նախկին հետախույզը շարադրել է Վարդանյան ամուսիններին նվիրված գրքում ու վստահ է` նրանց նվիրյալ աշխատանքի մասին սերունդները դեռ երկար են հիշելու։
Նոյեմբերի 25-ին Մոսկվայում կյանքից հեռացավ խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը:
Լեգենդար հետախույզը 93 տարեկան էր: Նրա մահվան մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի գրասենյակը։
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան:
16 տարեկանում Գոհարը Թեհրանում միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին: 1943թ-ին` Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ, Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել է անվտանգությունն ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:
Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին Մոսկվայում մի շարք վավերագրական ֆիլմեր են նկարահանվել:
Նոյեմբերի 29-ին նրան կհուղարկավորեն «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանատանը՝ ամուսնու կողքին:
Գևորգ Վարդանյանը մահացել էր 2012-ին: