Հեռու չգնանք, վերցնենք հենց անցած տարվա օրինակը։ Մեծ ոգևորություն «թավշյա հեղափոխությունից» հետո, նոր իշխանություններին սատարելու կոչեր, նոր Հայաստան կառուցելու պատրաստակամության հավաստիացումներ։ Արդյո՞ւնքը։ Հավաքվեց մոտ 11 միլիոն դոլար։
Այսինքն` աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, ասենք, Հայաստանը Արցախին կապող երկրորդ ճանապարհը կառուցելու համար պատրաստ է հրաժարվել երկու խաչապուրիից։ Տարեկան երկու խաչապուրիից։
Համեմատության համար այսպիսի հայտնի փաստ բերեմ։ 60-ական թվականներին, երբ արդեն պարզ էր, որ արաբական պետությունները պատրաստվում են հարձակվել Իսրայելի վրա, երկու համաշխարհային հրեական կազմակերպություններ հանգանակություն կազմակերպեցին և շատ կարճ ժամանակահատվածում հավաքեցին մոտ 2 միլիարդ դոլար։ Միանգամից ասեմ՝ լիովին համաձայն եմ, որ համեմատություններն այս դեպքում կաղում են։ Որովհետև նախ՝ դա եղել է ընդամենը մեկ անգամ։ Եվ իրավիճակն էլ օրհասական էր՝ հրեական պետության լինելու-չլինելու հարցն էր դրված, որովհետև արաբներն անթաքույց ասում էին՝ բոլոր հրեաներին պետք է լցնենք ծովը։
2016 թվականին Անդրանիկ և Սեդա Բաղդասարյանները տվեցին 5 միլիոն դոլար։ Դրանից առաջ պատկառելի գումարներ էին նվիրաբերել Սամվել Կարապետյանը և Լևոն Հայրապետյանը։ Քըրք Քրքորյանի մասին էլ չեմ ասում։
Եվ վերջապես։ Ասում են, թե նոյեմբերյան այս թելեթոնների ժամանակ շատերը պարզապես խոստումներ են տալիս, որոնք հետագայում չեն կատարում։ Ասենք, հայտարարում եմ, որ մեկ միլիոն դրամ եմ փոխանցում, անունս եթերում հնչում է, ծափահարությունների եմ արժանանում, բայց հետո ոչինչ էլ չեմ փոխանցում՝ ինչ կարող եք ինձ անել, հո դատի չեք տալու խոստումս չկատարելու համար։ Այո, երևի լինում են նման դեպքեր։ Սակայն հանուն ճշմարտության փաստենք՝ հակառակն էլ կա։ Դիցուք՝
2006 թվականի թելեթոնի ժամանակ. խոստացվել էր 13 միլիոն դոլար, իսկ իրականում հավաքվել էր գիտե՞ք որքան՝ 24 միլիոն։
Այսինքն՝ կան մարդիկ, որոնք հրապարակավ չեն էլ ասում՝ այսքան կտամ, ուղղակի լուռ ու մունջ տալիս են։