Միհրան Պողոսյանի ոտքի օղակը հանել են. իրավական գործընթացը շարունակվում է

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ռուսական դատարանի` մայիսի 28–ի որոշմամբ ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին` էլեկտրոնային օղակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար. ՀՔԾ

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ժամկետը լրանալուց առաջ դատախազությունը միջնորդագիր էր ուղարկել քաղաքային դատարան` Պողոսյանի կալանքը կես տարով երկարացնելու խնդրանքով։ Իսկ նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին տնային կալանքի մասին միջնորդագիր էր ներկայացրել։ Արդյունքում մայիսի 24–ին դատավոր Անատուն Լյովկինը Պողոսյանի համար կես տարվա տնային կալանք է սահմանել։

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

Սակայն քաղաքային դատախազությունը, ըստ գերատեսչության աղբյուրի, կտրականապես չի համաձայնվել նման որոշման հետ` համարելով, որ դա անհիմն է։

Այնուամենայնիվ, մայիսի 28–ին, կատարելով դատարանի որոշումը` Պողոսյանին ազատել են կալանքից, նա ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին` էլեկտրոնային օղակ։

2019 թ.–ի օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել: 

Սեպտեմբերի 3–ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը, այլ արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել։ Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։