Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

Ավտոներկրողները չեն դադարում բողոքել Գյումրու նոր մաքսատնից։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, թե ինչու են ներկրողների նյարդերը տեղի տալիս։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բեռնատարներ, քարշակներ, էվակուատորներ... Սրանցով են լցված Գյումրու մաքսատան բոլոր հարակից փողոցները։ Սկիզբն ու վերջը չի երևում։ Ու սա հասկանալի է, քանի որ նոր կանոնների համաձայն` մարդիկ պետք է ավտոմեքենաները մաքսազերծեն Գյումրու մաքսատանը։

Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

Վարորդները ստիպված էին ահռելի հերթ կանգ կանգնել հին մաքսատանը, որի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ մեծացել էր ներկրվող ավտոմեքենաների քանակի աճից հետո։ Երբեմն դա կարող էր տևել մի քանի օր։ Դրա հետ կապված` ճարպիկ գյումրեցիները դեռ լուսաբացից այնտեղ տեղեր էին զբաղեցնում, իսկ հետո որոշակի գումարի դիմաց այդ տեղերը վաճառում երևանցի հյուրերին։ Ոմանք գումար էին վաստակում, մյուսները` ժամանակ շահում։

ՊԵԿ–ն ուժեղացրել է Գյումրու մաքսատան հսկողությունը. գողության դեպքերը մտահոգել են

Նոյեմբերի 18–ին Գյումրու նոր մաքսատան բացումից հետո շատերը հույս ունին, որ ծանրաբեռնվածությունը կթեթևանա։ Այժմ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված բոլոր գործընթացները սպասարկվում են հենց այստեղ։

Սակայն հրաշք տեղի չունեցավ, բողոքները չքչացան։

Ուստի վրդովված ավտոներկրողները բողոքի ակցիա կազմակերպեցին Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ։ Նրանք բողոքեցին ոչ միայն մաքսատունը Գյումրի տեղափոխելուց, այլ նաև սպասարկման որակից. ոչ պրոֆեսիոնալ ծառայության հետևանքով շատ ավտոմեքենաներ բեռնաթափվում են անվտանգության կանոնների խախտումով, ինչի հետևանքով վնասվում են։

Իսկ հին մաքսատանը հիմա ամեն ինչ կարգին է. բոլորը հանգիստ են և գոհ։ Չէ՞ որ մաքսակետը հիմա սպասարկում է միայն այն ավտոմեքենաները, որոնք արդեն շահագործվում են, այսինքն վարորդները դրանք վարելով են բերել։ Իսկ մեքենաներով կոնտեյներները և էվակուատորները գնում են Թբիլիսյան խճուղում գտնվող մաքսակետ։

Ներկրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ այսօր ներկրողների հիմնական խնդիրը ժամանակն է, որը ծախսվում է մեքենաները բեռնաթափելու վրա։

Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

«Գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Բոլոր մեքենաների համար ուղղակի տեղ չկա։ Հսկայական խցանումներ են գոյանում կոնտեյներների մուտքի և ելքի ժամանակ», – ասաց նա։

Իսկ եթե մինչ այս եղանակը բարեհաճ էր Հայաստանի բնակիչների նկատմամբ, ապա հիմա արդեն զգացվում է ձմռան շունչը։ Գյումրիում երեկ տեղաց առաջին ձյունը։ Նման եղանակին հերթերի մեջ կանգնելը հաճելի զբաղմունք չէ։

Ինչ վերաբերում է մաքսային ձևակերպման տեմպերին, ապա դրա հետ կապված հարցեր չեն ծագում։

«Հերթերը բավական արագ են առաջ շարժվում», – մեզ պատմեց ևս մի ներկրող, բայց նաև նշեց, որ տարածքի վատ է հսկվում։

Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

«Այստեղ տեսահսկողություն չի իրականացվում, ինչի պատճառով մշտապես գողություններ են լինում։ Գողանում են բանալիներ, լույսեր, հայելիներ։ Խիստ հսկողություն չկա», – բողոքեց նա։

Հանուն արդարության ասենք, որ գողություններ են եղել նաև Նորագավիթում, քանի որ այնտեղ տեսահսկողություն է իրականացվել հիմնականում կենտրոնական մասում։

Պաշտոնական մարմինները կոչ են անում սպասել։ Այո, բողոքներ եղել են լոգիստիկ ընկերությունների աշխատանքի վերաբերյալ, այսինքն ավտոմեքենաների բեռնաթափումը դանդաղ է ընթացել, բայց պետք է հաշվի առնել, որ նոր տերմինալում դա առաջին անգամ է տեղի ունենում։

«Ժամանակի հետ հաշվի կառնվեն բոլոր նրբությունները։ Գործընթացը նոր է սկսվել։ Մենք աշխատում ենք` ամեն ինչ կարգավորելու համար։ Մաքսատան տարածքը շատ մեծ է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Նրա խոսքով` Գյումրու աշխատանքային ներուժը ոչնչով չի զիջում և նույնիսկ գերազանցում է Նորագավիթին։ Օրինակ` Գյումրիում գործում է երկու բանկ, իսկ Նորագավիթում` ընդամենը մեկը։ Հետևաբար, այստեղ ավելի շատ մարդկանց են սպասարկում։

Այսօրվանից խոստացել են խստացնել մաքսային նոր տերմինալի հսկողությունը։ Ժամանակը ցույց կտա, թե դա որքանով կհանգստացնի ավտոներկրողներին։ Համենայն դեպս, նրանք ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ երեկվա հանդիպումից հետո դժգոհ են մնացել։ Ավտոդիլերները վստահ են, որ իրենց խնդիրը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը...