ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Այս մասին այսօր Բիշքեկում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է:
«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:
ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները: