ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը

Հավաքական անվտանգության խորհրդի բարձրագույն ղեկավարության հանդիպումից հետո հաստատվել է ՀԱՊԿ–ի անվտանգության քարտուղարի թեկնածուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունն այսօր հաստատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել

«Նախագահներն արդեն իսկ շնորհավորել են Զասին։ Նա 2020–ի հունվարի 1–ից կստանձնի այդ պաշտոնը»,–ասել է Սեմերիկովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Խաչատուրովին 2018թ–ի հուլիսին ՀՔԾ–ն մեղադրանք էր առաջադրել 2008–ի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Երևանը պնդում էր, որ մինչ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է մնա Հայաստանի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան