ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոնից փախած, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը։
«Արայիկ Սարգսյանը հայտնաբերվել է նոյեմբերի 28-ին Երևանում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նա հայտնաբերվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում։
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված Սարգսյանը բուժկենտրոնից փախել էր նոյեմբերի 18-ին։
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ բուժման մեջ գտնվող կալանավորին հսկել են «Նուբարաշեն» ՔՀԿ–ի երկու աշխատակից, որոնք, ըստ լուրերի, արդեն իսկ աշխատանքից ազատվել են։