ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան.Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները կայացան, և դրանց արդյունքներով ձևավորվեց լավագույն քառյակը, որը 2020 թվականին կշարունակի պայքարը գավաթակրի պատվավոր կոչման համար: Իրենց խաղերը հաղթանակով ավարտեցին «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Գանձասար-Կապանն» ու «Նոան»:
«Ուրարտուն» իր առաջին հանդիպումն անցկացրեց Ալեքսանդր Գրիգորյանի` թիմի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո: Պարզ է, որ դեռևս վաղ է խոսել թիմի խաղի մեջ լուրջ փոփոխությունների մասին: Գրիգորյանը «Ուրարտուն» գլխավորել է մի քանի օր առաջ, բայց մարզչական փոփոխությունը միշտ էլ որոշակի փոփոխություն մտցնում է յուրաքանչյուր թիմի գործողություններում: Տվյալ դեպքում «Ուրարտուն» կարողացավ նվազագույն՝ 1:0 առավելությամբ հաղթանակի հասնել «Լոռիի» նկատմամբ, այն էլ` Վանաձորում: Եվ դա նշանակում է, որ նորանշանակ մարզչի աշխատանքը սկսվում է մաժորային նոտաներով:
Ձախողվում է հատկապես սերնդափոխության ապահովման գործընթացը. Ռազմիկ Գրիգորյան
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց այս մրցաշրջանում: Առաջին լիգան ներկայացնող «Սևանի» հետ խաղում մայրաքաղաքը ներկայացնող թիմը 11 գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը` սեփական դարպասում ընդունելով երկուսը: Ստացվում է, որ Վարդան Մինասյանի թիմն այս խաղում միջինը ութ րոպեն մեկ կարողանում էր ստիպել մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից:
«Գանձասար-Կապան»- «Ալաշկերտ» խաղում էլ անակնկալ գրանցվեց: Գործող գավաթակիր «Ալաշկերտը» ժամանակից շուտ վայր դրեց իր լիազորությունները գավաթի խաղարկությունում: Չնայած նրան, որ Կապանի թիմը հանդիպման 63-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստով (հեռացվել էր Համլետ Ասոյանը), «Գանձասար-Կապանը» հաղթանակի հասավ 3:1 հաշվով: Իսկ ահա «Վան»-«Նոա» մրցակցությունում խաղի ելքը վճռեց միակ գոլը, որի հեղինակը դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանը:
Այսպիսով, կիսաեզրափակիչում մրցելու են «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու»-«Նոա» զույգերը: Հավելենք, որ ի տարբերություն գավաթի խաղարկության նախորդ փուլերի, որոնցում հաղթողը որոշվում էր մեկ խաղում, կիսաեզրափակիչում մրցող կողմերը անցկացնելու են երկու հանդիպում՝ սեփական և մրցակցի հարկի տակ: Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները անցկացվելու են 2020 թվականի մարտի 10-ին և 11-ին:
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ