Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

Բեռները ծովով տեղափոխելը ցամաքային լեռնային ճանապարհին լավ այլընտրանք է։ Սակայն նավահանգիստներում բեռնումն ու բեռնաթափումն ավելորդ ծախս են ստեղծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայկական սևծովյան լաստանավը կարող է գործարկվել, եթե այն զեղչեր ստանա վրացական ու ռուսական նավահանգիստներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունը երկու լաստանավ գնելու վերաբերյալ բանակցում է Ռուսաստանի հետ։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի Ռուսաստանի հետ ծովային առևտուր իրականացնել` շրջանցելով Վերին Լարս լեռնանցքը, որը ձմռանը ձյան պատճառով հաճախ փակ է լինում։

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

«Ընդհանուր առմամբ, նման տարբերակ կարող է լինել, բայց այդ դեպքում սևծովյան նավահանգիստներից` մեր ու ռուսական, պետք է սպասարկման վճարի զեղչ խնդրել, գոնե առաջին տարվա համար։ Նման նախադեպ կա. 90–ականներին Ուկրաինայից Վրաստան եկող լաստանավերն առաջին տարվա ընթացքում ազատվել էին նավահանգստային բոլոր հարկերից։ Ու 1995 թվականից այդ գիծը սկսեց շատ լավ աշխատել». – հիշեցրեց Ցիպուրիան։

Նշենք` բեռնման ու բեռնաթափման ծախսերը կարող են կազմել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլար` 24 տոննա փոխադրող կոնտեյների դիմաց։

Նա նշեց, որ ծովային տրանսպորտն օգտակար է նաև այն առումով, որ Վերին Լարսի անցողունակությունը սահմանափակ է, ընդ որում` ոչ միայն ձմռանը։ Ու լեռնային ռելիեֆի պատճառով մայրուղին այս հատվածում հնարավոր չէր լայնացնել։ Նրա խոսքով` պետք է հատուկ շնորհակալություն հայտնել երկու երկրների մաքսայիններին, որ այնտեղով սովորական պայմաններում օրական ավելի քան հինգ հարյուր մեքենա է անցնում։ Ցիպուրիան ընդգծեց, որ նրանք գրեթե անհնարինն են անում։

«Վերին Լարսում» վիճակն ավելի կվատանա. Մակարյանը մտահոգված է

«Սակայն Լարսից բացի, կան նաև այնտեղ տանող լեռնային ճանապարհների բարդություններ։ Նույնիսկ եթե Կոբին ու Գուդաուրին կապող ճանապարհներն արդիականացնեն ու նոր թունելներ կառուցեն, միևնույն է` մայրուղու հնարավորությունները սահմանափակ կլինեն», – ասաց Ցիպուրիան։

Նշենք` հայ-ռուսական բանակցությունները վերաբերում են լաստանավերին, որոնք նախկինում նավարկում էին Կերչի նեղուցով, իսկ այժմ Ղրիմյան կամրջի կառուցումից հետո անգործ են մնացել։

Սանդիկով. «Վերին Լարսը ՌԴ մուտք գործող ամենածանրաբեռնված հսկիչ-անցագրային կետն է»