Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ արդեն մի քանի տարի է, ինչ շրջանառվում է «Հայրենիք» կինոթատրոնին կից հրապարակում էստակադա և ստորգետնյա անցում կառուցելու նախագիծը, որը ժամանակին ներկայացվեց հանրությանը:
«Էստակադայի դեպքում դա նմանվելու էր «Բարեկամության» մեծ հրապարակին և աղավաղելու էր շենքերի ընդհանուր տեսարանը: Հիմա չեմ կարող ասել, թե դրա կառուցումը որքանով է իրատեսական: Դրա համար անհրաժեշտ է գործնական քննարկում, որպեսզի պարզ լինի, թե ինչ որոշում կարելի է ընդունել այդ հարցի վերաբերյալ, ինչը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: Բայց շարունակական երթևեկություն ապահովելու համար անշուշտ պետք է ծրագիրն իրականացվի»,- նշում է Մկրտիչ Մինասյանը:
Էստակադաների ու ստորգետնյա ճանապարհների հարցը շատ քաղաքների համար դարձել է ցավոտ խնդիր: Բոլորն էլ ձգտում են հնարավորինս խուսափել խցանումներից, բայց մյուս կողմից էլ նման կառույցները չպետք է խանգարեն քաղաքի հիմնական հյուսվածքին, որովհետև դրանք, ըստ Մինասյանի, արդեն կայացած ու ճանաչելի հրապարակներ են և որևէ աղավաղում ցանկալի չէ:
«Չնայած դրան մենք ունեցել ենք ճանապարհներ, որոնց կառուցման ժամանակ լուծվել է նաև ռելիեֆի հետ կապված խնդիրը: Պարզապես պետք է մտածվի որևէ ռացիոնալ սխեմա, ինչն հնարավոր է անել: Իսկ եթե քաղաքը կառուցվում է ինքնաբուխ կերպով, միշտ կկանգնենք խնդիրների առջև»,- նշում է Մկրտիչ Մինասյանը:
Երևան–Թբիլիսի նոր ճանապարհ, մատչելի բնակարաններ մարզերում. էլ ինչ է խոստանում Վերմիշյանը
Մասնավորապես, անդրադառնալով Նոր Նորքի զանգվածներ տանող Մյասնիկյանի պողոտային, ճարտարապետների պալատի նախագահը նշեց, որ դա քաղաքից դուրս եկող հիմնական կապն է և մեծ վթարի դեպքում դժվար է որևէ բան անել: Ժամանակին խոսվել է այդ մասին, Մյասնիկյանի պողոտան ուներ մեծ ռեզերվներ, սակայն հետզհետե կառուցեցին հարակից տներ, ռեստորաններ, հյուրանոցներ՝ տեղ-տեղ նույնիսկ մայթ չթողնելով: Սա, ինչ խոսք, սահմանափակեց պողոտայի հետագա ընդլայնման հնարավորությունը: Մինասյանի կարծիքով՝ գուցե պետք է մտածել օդային երկրորդ ճանապարհի մասին, որոհետև գնալով այդտեղ անհնար է դառնում բնականոն երթևեկությունը: