ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է լրագրողներին։
«Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի` մեր հայտնի հետախույզի մտերիմներին ու ազգականներին։ Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսին Գևորգ Վարդանյանի մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ», – ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ Վարդանյան ամուսիններն իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ։
Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանի նախագահը լավ է ճանաչել Գոհարին ու Գևորգին։ Գևորգի մահից հետո Գոհարը Պուտինի մոտ է գնացել, նախագահն էլ հյուրընկալվել է հետախույզի տանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանի հուղարկավորությանը: Արարողությանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Գոհար Վարդանյանն աչքի է ընկել հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով. ԱԱԾ