Հայ վարորդները քննությո՞ւն կհանձնեն Ռուսաստանում. մեկնաբանում է Ռուսաստանի օմբուդսմանը

Խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ ԵԱՏՄ հինգ պետություններին ունիվերսալ վկայականներ տրամադրելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան չի բացառել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները հաստատելու համար առանձին քննություն սահմանելը։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։

«Իսկապես, ես երկար տարիներ զբաղվում եմ այդ հարցով, երբ դեռ Պետդումայի պատգամավոր էի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացման հարցերի հանձնաժողովում։ Առանց վարորդական վկայականի հաստատման` վարորդների համար Ռուսաստանում դժվար է, բայց ես կարծում եմ, որ նրանք չպետք է քննություն հանձնեն այն կարգով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»,–ասաց Մոսկալկովան։

Նրա կարծիքով` հայ վարորդների համար պետք է ներմուծվի հատուկ կարգ։ Ռուսաստանում պետք է պայմաններ ստեղծվեն վերապատրաստման համար, ինչպես նաև հնարավորություն` հաստատելու, որ ՌԴ տարածքում նրանք կարող են օգտագործել Հայաստանում տրված վկայականները։

Ռուսաստանում կքննարկեն հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը. Մելքումյան

Մոսկալկովայի խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ անում են ոչ միայն հայերը, այլ նաև այլ երկրների ներկայացուցիչները։

«Բայց այն, որ հարցն այդքան ձգձգվել է, սահմանափակում է աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորությունները»,–ասաց Մոսկալկովան։

Ռուսաստանի օմբուդսմանն ասաց, որ ընկալում է Sputnik Արմենիայի հարցը որպես պաշտոնական ուղերձ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարին։

«Կզբաղվեմ դրանով` պարզելու համար, թե ինչ արգելք կա հարցի լուծման համար, և ես` որպես հանձնակատար, Արման Թաթոյանի հետ միասին ինչ կարող եմ ձեռնարկել այդ հարցի լուծման համար»,–Մոսկալկովան։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նախապատրաստել է հայկական վարորդական իրավունքների ճանաչման նախագիծը

Այն հարցին, թե արդյունավետ կլինի՞ արդյոք ԵԱՏՄ շրջանակում կամ երկկողմ հիմունքներով հարցը լուծելը, Մոսկալկովան պատասխանեց, որ արագության և արդյունավետության տեսանկյունից երկրորդ տարբերակն իրեն ավելի նախընտրելի է թվում։

Քոչարյանը մեկնաբանել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը

Նա նշեց, որ խնդիրն արդի է ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների համար։ Ոչ միայն Ռուսաստանի տարածքում է պետք հաստատել վկայականների օրինականությունը, այլ նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի։ Դա գլոբալ հարց է, բայց այն հիմա երկրորդական է։ Այլ պետությունների մասով այն այդքան սուր չէ դրված, որքան Հայաստանի համար։

«Ինձ թվում է` կարող են ունիվերսալ վկայականներ լինել բոլոր հինգ պետությունների` ԵԱՏՄ անդամների համար։ Այդ իրավունքները կարող են լինել միջազգային վկայականների նմանությամբ», – ասաց Մոսկալկովան։

Նրա խոսքով` դա տարբերակներից մեկն է։ Հանձնակատարը համոզմունք հայտնեց, որ ՆԳՆ մասնագետները, որոնք զբաղվում են ճանապարհային երթևեկության կանոններով, կարող են ընտրել նաև այլ տարբերակներ։

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն. պատգամավոր

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ Հայաստանը ջանքեր է գործադրում  մինչ տարեվերջ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի անցողիկության հարցը լուծելու համար։

Հիշեցնենք` ըստ ՌԴ օրենսդրության, աշխատանքի ընդունվելիս վավերական են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, այդ պատճառով Ռուսաստանում վճարովի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։