«Մեր խնդիրն էր ապացուցել, որ պետական կառույց ենք, ոչ թե կոոպերատիվ». Թաթոյան

Արման Թաթոյանը ներկայացրել է պաշտպանի ինստիտուտի անցած ուղին` հիշելով նաև որոշ դրվագներ իր աշխատանքային փորձից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Եթե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմքերը սխալ դրվեին Հայաստանում, այս արդյունքները չէին լինի։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում իր ելույթն այս խոսքերով սկսեց ՀՀ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանը։

Համագործակցության լավագույն արդյունքը կլինի ՄԻՊ գրասենյակի դատարկ փոստարկղը. ԱԺ նախագահ

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, որի օրոք ես սկսեցի աշխատել ՄԻՊ աշխատակազմում ու շատ լավ հիշում եմ, թե ինչ շատ էին խնդիրները։ Մենք անգամ օրենքն էինք մեզ հետ տանում տարբեր վայրեր, որովհետև մեր պետական մարմինների գործընկերները տեղյակ չէին, թե մենք ինչ կառույց ենք։ Եվ մեր խնդիրն էր ապացուցել, որ մենք իրականում պետական կառույցից ենք և ոչ թե, այն ժամանակվա տերմինոլոգիայով արտահայտված, կոոպերատիվ կազմակերպություն»,– ասաց Թաթոյանը։

Խոսելով ՀՀ երկրորդ ՄԻՊ Արմեն Հարությունյանի գործունեության մասին` Թաթոյանը կարևորեց նրա օրոք ՀՀ ՄԻՊ գրասենյակի միջազգային հեղինակության բարձրացումը։ Թաթոյանը հիշեց, որ 2006թ–ին, երբ ինքը դեռ աշխատում էր գրասենյակում, ՄԱԿ–ը ՀՀ ՄԻՊ–ին շնորհեց միջազգային ճանաչման A աստիճան։

Երրորդ պաշտպանի ղեկավարման օրոք ՄԻՊ գրասենյակի կայացման ճանապարհը, Թաթոյանի բնորոշմամբ, անցել է հիմնականում խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերի արձանագրման ու դրանք հնարավորինս կանխելու միջով։

Բայց ՄԻՊ արձանագրած խախտումներն ընդունելու, վերացնելու, ՄԻՊ առաջարկներն իրականացնելու համար, Թաթոյանի համոզմամբ, անհրաժեշտ է քաղաքական կամք։

«Մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ հիմքեր։ Մենք գնում ենք երկարաժամկետ հեռանկարում ունենալով կայացած իրավական համակարգով պետություն ունենալու ճանապարհով։ Եվ, բնականաբար, դա պահանջում է մեզանից ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում` յուրաքանչյուր կառույցի համար»,– ասաց Թաթոյանը։

Առկա մարտահրավերներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար նա թիվ մեկ պայման է համարում քաղաքականությունից զերծ մնալը։

«Քաղաքական այս կամ այն հոսանքի հարելու ակնարկ անգամ չի կարող լինել, քանի որ դա կարող է կործանել տարիներով ձեռք բերածը ընդամենը մեկ րոպեում»,– ասաց Թաթոյանը։

Հայաստանում ժողովրդավարությունը կախված չի լինի լիդերի կամ քաղաքական ուժի ճաշակից. վարչապետ

Պաշտպանը միաժամանակ կարևորեց պետական մարմինների և առավելապես քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Նրա համոզմամբ ՀԿ–ներն են իրական խնդիրները վեր հանողը։ Կարևորագույն գործընկերների թվում Թաթոյանը նշեց նաև լրագրողներին ու փաստաբաններին։

Պաշտպանը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը, մասնավորապես` Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների գործընկերների հետ։

Նոյեմբերի 26-27-ը Երևանում տեղի կունենա միջազգային համաժողով` նվիրված մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին։ Միջոցառման բացմանն այսօր հանդես են եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 30 երկրի մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ղեկավարներ։