Մարությանը հրաժարվե՞լ է իր նախընտրական խոստումներից. Խաժակյանը վստահ է` օրենք է խախտվում

«Լույս» խմբակցության անդամը վստահեցնում է, որ Երևանի զարգացման հնգամյա ծրագրում այլևս չկան այն ծրագրերը, որոնք կլուծեն հիմնախնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հետ է կանգնել իր նախընտրական խոստումներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը` նշելով, որ Երևանի քաղաքային իշխանության ներկայացրած հնգամյա զարգացման ծրագրում առկա են օրենքի լուրջ խախտումներ:

«2018 թվականին, երբ նոր իշխանությունը ձևավորվեց, Երևանի քաղաքապետարանը առաջնորդվեց «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 82-րդ հոդվածով և ընդունեց հնգամյա զարգացման ծրագիր: Մեկ տարի անց մենք տեսնում ենք այդ ծրագրում անհասկանալի փոփոխություններ, որով խախտվում է օրենքը»,- ասաց Խաժակյանը:

Ըստ նրա` 2018 թվականին Երևան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում եղել են քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծման բանալիներ, որոնք այսօր չկան:

Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից

«Զարգացման ծրագրով նախատեսված էր անմխիթար վերելակների հիմնովին փոխարինում, այլ ոչ թե նորոգում: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները պետք է վերաբնակեցվեին, ոչ թե այդ շենքերը վերանորոգվեին, պետք է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցվեին, որովհետև ավտոմեքենաները շատացել են, և դա կրիտիկական խնդիր է»,-ասաց նա:

Խաժակյանը հիշեցրեց, որ քաղաքապետի նախընտրական շրջանի բազմաթիվ խոստումներ անգամ չեն ընդգրկվել հնգամյա զարգացման ծրագրում:

«Լույս» խմբակցության անդամի խոսքով` զարգացման հնգամյա ծրագրում որպես հիմնախնդիր մնացել են առկա խնդիրները, սակայն այլևս չկան այն ծրագրեր, որոնք կլուծեն այդ հիմնախնդիրները:

Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին

«Մենք մեր խմբակցությունով այն կարծիքին ենք, որ քաղաքապետը սահմանված կարգով մինչև 2020 թվականի մարտի 1-ը պետք է ներկայացնի հաշվետվություն, որից հետո, եթե նա կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, և հնարավոր չէ այն իրականացնել, միայն այդ դեպքում հնարավոր լինի այդ փոփոխությունները նախագծում իրականացնել»,– ասաց նա:

Խաժակյանի խոսքով` իրենք այսօր դիմելու են քաղաքապետին և պահանջելու են այդ լուրջ խոչընդոտների լուսաբանումը:

Sputnik Արմենիան կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ` մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն նա նշեց, որ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա ճեպազրույց և քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ կպատասխանի Խաժակյանի հայտարարությանը:

Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է