ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Աղմկահարույց տեսանյութում երևացող ոստիկաններից երկուսը, որոնք բռնի ուժով ցուցմունք էին կորզում, ոստիկանության նախկին աշխատակիցներ են։ Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
«Իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են»,–հայտնում են ոստիկանությունից։
Պարզվել է նաև, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։
Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ այսօր հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2008-10 թթ. և այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածն ընդունված չէր (309 պրիմ 1)։