Կարո՞ղ է Բաքուն խանգարել Երևանի ու Հռոմի հարաբերություններին. պարզաբանում է Փաշինյանը

Կառավարության ղեկավարը խոսել է Իտալիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին և ներկայացրել իտալական թերթին տված հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը լավ հարաբերությունների ունի Իտալիայի հետ և հուսով է, որ դրանք ավելի կբարելավվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։

ՀՀ վարչապետը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը։

Թղթակիցը Փաշինյանին ասել է, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է, հետո հարցրել է` արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

«Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»,– պատասխանել է Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետն Իտալիա էր մեկնել 2 օրով` նոյեմբերի 20-ից 22-ը։ Իտալացի գործընկերոջ` Ջուզեպպե Կոնտեի հետ հանդիպումից հետո նա ասել էր, որ ունեցել են բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք ևս մեկ անգամ փաստել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը։