ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն գերնպատակներից մեկն է, որ կարող է ունենալ ժողովրդավարական երկիրը, ժողովրդավարական հասարակությունը։ Այսօր ԱԺ–ում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ–ի և իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել։ Բավական է արձանագրել, որ մարդու իրավունքների առաջին 3 պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը և հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ–ի և իշխանությունների միջև առկա խորը հակասություն»,– ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ 2018թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո մարդու իրավունքների պաշտպանության համար իրապես նոր միջավայր է ստեղծվել։
«Սա չի նշանակում, թե այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում։ Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսին ՄԻՊ–ի համար է»,– ասաց Փաշինյանը։
Այդուհանդերձ, վարչապետի դիտարկմամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում այսօր էլ բախվում է որոշ մարտահրավերների։
«Հայաստանն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի ավելի շատ որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018թ–ի հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է։ Եվ մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնելու ինստիտուցիոնալ առումով։ Նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից ու հայեցողությունից, և այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի մատնանշած երկրորդ մարտահրավերը անկախ դատական համակարգի գոյությունն է։ Փաշինյանի բնորոշմամբ` դատական իշխանությունը գործադիր ու օրենսդիր իշխանություններին զուգահեռ նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։
Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ներկա կառավարությանն ամենևին չի հետաքրքրում վերահսկվող դատական համակարգը։ Բայց երբ ՀՀ նոր իշխանությունը բացահայտեց իր այդ կամքը, որոշ ուժեր դա ընկալեցին որպես իրենց վերահսկողությունը շարունակելու հնարավորություն։
«Մենք այսօր մեծ պրոբլեմներ ունենք իրավական համակարգի աշխատանքի հետ կապված։ Այդ պրոբլեմներն օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի միջավայրում, որն իր խորքում հակոտնյա է եղել մարդու իրավունքներին։ Հետևաբար նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ նույնպես»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն իր ելույթն ավարտեց համոզմամբ, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում ամեն օրվա, շաբաթվա, ամսվա ու տարվա հետ ավելի կլավանա, ու դա կլինի ոչ թե կառավարության ու ՄԻՊ–ի հակադրության, այլ համագործակցության արդյունք։
Նշենք, որ այսօր մեկնարկած համաժողովը կշարունակվի նաև վաղը։ Միջոցառման բացմանն այսօր ելույթ ունեցան նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 30 երկրի մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ղեկավարներ։