Համագործակցության լավագույն արդյունքը կլինի ՄԻՊ գրասենյակի դատարկ փոստարկղը. ԱԺ նախագահ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ Երևանում ընթացող միջազգային համաժողովում ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց խորհրդարանի ու պաշտպանի գրասենյակի համագործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. 2018թ–ի ընտրություններով ձևավորված նոր Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է ՄԻՊ գրասենյակի հետ։ Այսօր ԱԺ–ում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ ընթացող միջազգային համաժողովում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Առանձնապես ուզում եմ կարևորել օրենսդրական այն առաջարկները, որ մենք պարբերաբար ստանում ենք ՄԻՊ–ից։ Ինչպես նաև այն, որ մինչև ընդունվելը նախագծերը փորձաքննություն են անցնում ՄԻՊ գրասենյակում»,– ասաց Միրզոյանը։

ԱԺ նախագահը հատկապես կարևորեց կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական ակտերի մշակման գործընթացում ՄԻՊ գրասենյակի և խորհրդարանի համագործակցությունը։

Հայաստանում ժողովրդավարությունը կախված չի լինի լիդերի կամ քաղաքական ուժի ճաշակից. վարչապետ

Միրզոյանը կարևորեց նաև ՄԻՊ–ի կազմակերպած իրազեկման արշավները, որոնք, նրա խոսքով, զգալիորեն նպաստում են երկրում առկա խնդիրների ու այդ իրավիճակում իրենց իրավունքների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը։

«Վստահ եմ, որ հանրությունը պետք է լիարժեք տեղեկություններ ունենա իր իրավունքների ու դրանց պաշտպանության հնարավորությունների մասին։ Ցավոք, մեր հասարակությունում իրապես կա դրա կարիքը»,– ասաց ԱԺ նախագահը։

Միրզոյանն իրավապահներին հորդորում է ուսումնասիրել ԱԺ լսումների ձայնագրությունը

Ավարտելով ելույթը` Միրզոյանը ՄԻՊ գրասենյակի հետ խորհրդարանի համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ դրա լավագույն արդյունքը կլինի ՄԻՊ գրասենյակի դատարկ փոստարկղը։

Նշենք, որ այսօր մեկնարկած համաժողովը կշարունակվի նաև վաղը։ Միջոցառման բացմանն այսօր ելույթ ունեցան նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 30 երկրի մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ղեկավարներ։

ԵԽԽՎ–ից կոչ են արել Հայաստանին պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները. Զոհրաբյանի տեսակետը