Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսինները հավերժ կմնան համաշխարհային պատմության մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ« 26 նոյեմբերի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը, իսկ մինչ այդ ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել հայտնի հետախույզի մահվան կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակներից մեկին։

«Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը

Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ:

 «Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Երեկ` նոյեմբերի 25-ին, 93 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։

Նշենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում նոյեմբերի 7-ին լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողության ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու բախտ է ունեցել։  Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Մոսկվայում բնակվող՝ Գոհար Վարդանյանի հետ, շնորհավորել նրան` լսարանի բացման առիթով և խոստացել էր` երբ հաջորդ անգամ Մոսկվա գնա, Գոհար Վարդանյանի հետ կհանդիպի։ Նրանք այդպես էլ չհանդիպեցին։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

Գևորգ և Գոհար Վարդանյանների ոսկե դիմանկարները ներկայացրել են Մոսկվայում

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տվել, և նույն թվականին նրանք վերադարձել են ԽՍՀՄ։

Եռակի հարսնացու–հետախույզ Գոհար Վարդանյանը 90 տարեկան է

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։