«Հոգիս լցվել է ոչ երկրային զգացողություններով». Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ

Հայտնի հումորիստը հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել վանահորը` հայր Հարությունին, և Աստծո օրհնությունը մաղթել պատմական հայրենիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իջել է Խոր Վիրապ եկեղեցու Գրիգոր Լուսավորչի զնդանը, որը 6 մետր խորություն ունի, և պատմել իր աննկարագրելի զգացողությունների մասին։

Հայտնի հումորիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Խոր Վիրապի վանքի մոտից և իր բաժանորդների պատմել այդ եկեղեցու և Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը:

Նա նշել է, որ քրիստոնեություն դավանելու համար այս փոսում 13 տարի շարունակ օձերի, մողեսների և կարիճների հետ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը` Հայաստանի առաջին եպիսկոպոսապետը: Նա ողջ է մնացել իր հավատքի շնորհիվ:

«Ի՞նչ ես ուզում». Եվգենի Պետրոսյանը ասել է` ինչու է ծրագրում հայերեն սովորել

«Ամեն անգամ Հայաստան ժամանելիս ես այցելում եմ Խոր Վիրապ վանք: Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այն համարում պետական մակարդակով քրիստոնեական հավատի ծագման վայր: Քանի որ քրիստոնեական հավատը տարածելու համար Գրիգոր Լուսավորիչը փակված է մնացել այս խոր փոսի մեջ»,- գրել է հումորիստը:

Հետո Լուսավորիչը բուժել է անբուժելի հիվանդությամբ տառապող Տրդատ III թագավորին։ Դրանից հետո վերջինս, որ արգելում էր նոր կրոնն ու հալածում քրիստոնյաներին, Հայաստանում քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն:

«6 մետր իջա ցած և լուսանկարեցի այդ փոս տանող աստիճանը: Թվում էր` հոգիս լցվել է ոչ երկրային զգացողություններով»,- նշել է Եվգենի Պետրոսյանը:

Նա հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել վանահորը` հայր Հարությունին, և Աստծո օրհնությունը մաղթել իր պատմական հայրենիքին` գրելով. «Թող Աստված պահպանի այս երկիրը»:

Աստծուն անտեղի չի հիշատակել. Եվգենի Պետրոսյանը Երևանում խոսեց իր ամուսնալուծության մասին

Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը Հայաստան է ժամանել նոյեմբերի 20–ին։ Նա նոյեմբերի 24–ին հանդես է եկել մեծ մենահամերգով։ Պատմական հայրենիք կատարած այցի ընթացքում Պետրոսյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։