ՀԿԵ–ն գործադուլ արած մեքենավարներին ներում է, բայց վերջին անգամ

ՀԿԵ–ն զգուշացնում է, որ կրկնակի խախտման դեպքում ընկերությունն իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2019 թվականի  հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների հետ կապված` ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը չի իրականացնի` համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է։ Չեն կիրառվի նաև կարգապահական տույժեր։ Այս մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։

Մեքենավարների գործադուլ Գյումրիում. ՀԿԵ ղեկավարությունը փորձում է լուծել խնդիրը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, Գյումրու դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:

ՀԿԵ–ն միաժամանակ զգուշացնում է, որ կրկնակի խախտման դեպքում ընկերությունն իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:

Ընկերությունը հաստատում է, որ նոյեմբերի 1-ից Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով բարձրանալու են:

Հիշեցնենք` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ էին արել`պահանջելով աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Գործադուլի պատճառով Երևան–Գյումրի, Գյումրի–Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չէին իրականացվել։ Չէր շահագործվել նաև Երևան–Թբիլիսի մարդատար գնացքը։ Գյումրիում գործադուլ հայտարարած մեքենավարների հետ հանդիպել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Գործադուլը դադարեցրել են. գնացքների երթևեկությունը վերականգնված է. ՀԿԵ

«Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների`մեքենավարների և նրանց օգնականների գործադուլն աշխատանքային օրենսդրության խախտում է, այն որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալ»,–այս առնչությամբ հայտարարել էր ՀԿԵ–ն:

Գյումրիում մեքենավարները դարձյալ դժգոհ են. ինչ են նրանց պատասխանել ՀԿԵ–ից

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: