ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

ՌԴ դատարանը ՀՀ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին» 40 օրով կալանավորելու միջնորդությունը բավարարել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկի»  հանձնման միջնորդությունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն

«ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու` ՌԴ դատախազության միջնորդությունը»,-գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին Մոսկվայում ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին»։

Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի` ավազակության և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզման մեջ էր։ Այժմ լուծվում է Սարգսյանի արտահանձնման հարցը:

Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Այս տարվա մայիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի` «Ալրաղացի Լյովիկի» թիկնազորն էլ, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ.-ի մարտի 1–ի ցույցերը ճնշելուն։