ՀՖՖ նախագահի 1 թեկնածու արդեն կա, քանի՞սը դեռ կլինեն

2002 թվականից սկսած` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնել է միայն մեկ թեկնածու, և այդ թեկնածուն էլ ընտրվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանն իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա արդեն հայտարարել է, որ ծրագիր է մշակում ֆուտբոլի զարգացման համար։

Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հովհաննիսյանն առաջինն է, որ հաստատել է իր մասնակցությունը ՀՖՖ նախագահի ընտրությանը, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` բացի նրանից, ևս 4 թեկնածու կա։ Այս պահին անունները հրապարակման ենթակա չեն, քանի որ նրանք դեռ պաշտոնապես չեն առաջադրվել։

2002 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին կար մեկ թեկնածու՝ Ռուբեն Հայրապետյանը, որն էլ այդ պաշտոնում փոխարինեց Սուրեն Աբրահամյանին: 16 տարի ղեկավարելով ՀՖՖ-ն` 2018-ին Հայրապետյանը հայտարարեց, որ կհեռանա այդ պաշտոնից, եթե ՀՖՖ-ի ղեկը վստահվի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին: Այդպես էլ եղավ: Բայց օրեր առաջ կայացած ՀՖՖ գործկոմի նիստից հետո պարզ դարձավ, որ Վանեցյանը հրաժարական է տվել ու դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:

Այն, որ հայկական ֆուտբոլին փոփոխություններ են հարկավոր դա փաստ է, բայց ով դա կանի և ինչպիսի ծրագրով, կիմանանք Նոր տարվա նախաշեմին։