ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանում ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը:
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ, որով նա արձագանքել է Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին:
«Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումն ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերին սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին»,– ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»
Բացահայտելով Ադրբեջանի քաղաքականությունը՝ Արցախում հայերի քանակի նվազեցմանն ու ադրբեջանցիների քանակի ավելացմանն ուղղված, Ադրբեջանի նախագահն, ԱԳՆ–ի համոզմամբ, ավելի է ընդգծում հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը:
Հիշեցնենք` 2019թ–ի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Սումգայիթի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նա իր ելույթում անդրադարձել է նաև 1988-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին` դրանում մեղադրելով հայերին։
Ալիևի խոսքով` Սումգայիթում 1988 թվականին տեղի ունեցած անկարգությունները սադրել էին հայ ազգայնականները, ու արդեն տարիներ շարունակ հայերը փորձում են վարկաբեկել Սումգայիթը։
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Խոսելով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին` Ալիևը ափսոսանք է հայտնել, որ խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու քաղաքականությունը հետևողականորեն ու լիարժեք չի իրագործվել։