ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը կարելի է դիտարկել որպես փորձնական քայլ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխայցելություն. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
«Սա փորձնական քայլ էր վստահության ամրապնդման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ նոյեմբերի 20-21-ը Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ` Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ լրագրողների փոխադարձ այցերի ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ` Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։