«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները համոզված են, որ ԱԱԾ–ն չի աշխատում, իսկ սոցցանցերում ատելության քարոզ իրականացնող վիդեոբլոգերները համագործակցում են ԱԱԾ-ի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն այսօր հավաք էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին, որ ուժային կառույցները քաղաքացիներին պաշտպանեն սոցցանցային հարձակումներից, որոնց զոհ են դառնում նաև իրենք։

«2018 թվականի ապրիլին Հայաստանում համընդհանուր բողոքի արդյունքում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», որի գլխավոր նպատակը պետք է լիներ ժողովրդի արժանապատվության վերականգնումը: Մենք համոզված ենք, որ առանց պետական կառույցների հանդեպ վստահության, հնարավոր չէ «թավշյա հեղափոխությունն» ավարտված համարել: Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացին չպետք է վախենա ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից կամ դատարաններից. այս կառույցները պետք է պաշտպանեն քաղաքացիների ազատությունն ու իրավունքները:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ, որ հասարակությանն ասեն՝ իրենք չեն վախենում այս կառույցից: Ինչպես նաև չեն վախենում իրենց հանդեպ սոցցանցերում համատարած ատելության մթնոլորտից:

«Մենք չենք վախենում այն վայրահաչոցներից, հայհոյանքներից ու վիրավորանքներից, որոնք ուղղված են մեր և մեր ծնողների դեմ: ԱԱԾ-ն պարտավոր է հետևել այդ, այսպես կոչված, «ֆեյք» էջերին, որոնց հետևում մենք լավ գիտենք, թե ովքեր են կանգնած: Պետք է վերացնել սոցցանցերում այս անպատժելիության մթնոլորտը»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս անհայտ են մնում այն երկու անձինք, որոնք այս տարվա մարտին իրենց նկարել էին այն պահին, երբ փորձել էին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին գցել աղբարկղը:

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

«Ինչպես գիտեք, մենք ցանկանում էինք աղբարկղը գցել մի վիդեոբլոգերի, որը հրապարակավ մեզ անբարոյականի զավակներ էր համարել, հայհոյանքը չեմ ցանկանում օգտագործել, նա ասել էր, որ ցանկանում է իմ մայրիկին, իսկ իրավապահ մարմինները սպասում էին, որ մենք որևէ գործողություններ իրականացնեինք, նոր իրենք արձագանքեին»,-ասաց Պետրոսյանը:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները ԱԱԾ գլխավոր մասնաշենքի դիմումների և առաջարկությունների արկղում գցեցին դատարկ թուղթ, որի վրա կառույցի պատասխանատուներին խնդրեցին գրել այն բոլոր վիդեոբլոգերների անունները, որոնք սնվում են այդ կառույցից` հավելելով, որ գուցե այդ ժամանակ քաղաքացիները սկսեն ԱԱԾ-ին վստահել:

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

Խոսելով հետագա քայլերից` նախաձեռնության մեկ այլ անդամ Յուրի Ավագյանը հայտարարեց, որ իրենք վաղը փորձելու են հանդիպել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ և նրան ուղղել մի շարք հարցեր:

Ըստ նախաձեռնության անդամների` բոլոր հանդիպումները լինելու են բաց, ուղիղ եթերում և հենց այդ եթերի ավարտին նրանք հայտարարելու են իրենց հաջորդ քայլի մասին:

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հետ։ Նա վստահեցրեց, որ Դավիթ Պետրոսյանը ստում է:

«Դավիթը հայտարարեց, որ ինձ վրա հարձակվել են և ցանկացել են առևանգել այն բանի համար, որ ես իբր ասել եմ, թե ցանկանում եմ իր մայրիկին: Ես դա ասել եմ հարձակումից մեկ օր անց այն կոնտեքստում, որ ցանկությունն ուրիշ բան է, իրականությունը` ուրիշ: Իրենք ցանկանում էին ինձ աղբամանը գցել, ես էլ ասել եմ, որ ցանկանում եմ իր մայրիկին, այսինքն` երկուսիս ցանկությունն էլ մնացել է հենց ցանկությունների մակարդակի վրա»,- ասաց Մալյանը:

Նրա խոսքով` «Ռեստարտի» անդամները փրփուրներից են կախվում և փորձում են արդարացնել իրենց արածը, այնինչ նրանք արդեն ամբաստանյալ են համարվում, և տղաներին 4-8 տարվա ազատազրկում է սպառնում:

«Ռեստարտը» բողոքում է, Մալյանը` պատասխանում. «Ես ԱԱԾ-ի հետ կապ ունենալու պատիվ չունեմ»

Մալյանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ի հետ համագործակցելու հայտարարությանը։

«Ցավոք սրտի, ես Ազգային անվտանգության ծառայության հետ կապ ունենալու պատիվ չունեմ: Ցանկացած հայի համար ԱԱԾ-ին օգնելը, երկրի անվտանգությունն ամրացնելը պետք է պատիվ լինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 3-ի կեսգիշերին «Ռեստարտ» նախաձեռնության մոտ մեկ տասնյակ անդամներ` Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա, բռնել ձեռքերն ու ոտքերը, բռնություն գործադրելով` մի որոշակի տարածք տարել էին այդպես՝ աղբարկղը գցելու նպատակով, սակայն դեպքին ականատես ոստիկանության աշխատակիցները կանխել էին այդ քայլը: Միջադեպի մասնակիցներն էլ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հարուցվել է քրեական գործ: