ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Ադրբեջանում խաղաղասիրական նախաձեռնություններն այլ կերպ են ընկալվում»

«Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նոյեմբերի 17-21-ը Ադրբեջան կատարած այցի իր տպավորություններից։
Sputnik
Ալավերդյան. «Ադրբեջանում խաղաղասիրական նախաձեռնություններն այլ կերպ են ընկալվում»

Այս ամենում Դավիթ Ալավերդյանն առանձնահատուկ է համարում այն, որ իրենց խմբում ընդգրկվել էր լրագրող Արցախից, և, որ ադրբեջանցի լրագրողներն էլ այցելել են Արցախ։

«Տպավորություններս շատ տարբեր են։ Շատ տպավորիչ էր Բաքուն, որպես արագ զարգացող ու գեղեցիկ քաղաք, քան մյուս բնակավայրերը, որտեղ այցելեցինք, այդ թվում՝ Գանձակն ու Ղուբան»,–ասում է Ալավերդյանը։

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Նրա խոսքով` ազատությունների առումով թե՛ մեր հասարակությունները և թե՛ լրատվամիջոցներն իրարից շատ են տարբերվում։

«Ադրբեջանի հասարակությունը շատ ավելի ռազմատենչ է։ Այնտեղ խաղաղասիրական նախաձեռնություններն այլ կերպ են ընկալվում, քան Հայաստանում»,-կարծում է Ալավերդյանը։

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը համոզված է, որ Հայաստան և Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները չեն կարողանալու գրել իրենց իրական տպավորությունների մասին, այլ ստիպված են լինելու շարադրել այն, ինչն իրենց հանձնարարել են Ադրբեջանի ղեկավարները։

«Մեծամասամբ, հենց նաև դրանից է կախված՝ կունենա այս ծրագիրը շարունակություն, թե ոչ։ Ի դեպ, թե՛ ադրբեջանցի լրագրողների և թե՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար զարմանալի էր, որ հայերը կարող էին հանգիստ զբոսնել Բաքվում»,-ասում է Դավիթ Ալավերդյանը։

«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

Հիշեցնենք, նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելություններ։ Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել ու կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Արցախ, իսկ հայ լրագրողները` Գանձակ։

Ադրբեջան են գնացել Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։