Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

Գևորգ Կոստանյանի՝ ՀՔԾ ներկայանալուց հետո հստակ կլինի` կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվելու նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Կոստանյանը կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է ներկայանա նախաքննական մարմին. Քոչարյան

«Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1–ի» գործով դեռևս սեպտեմբերին հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։

Ավելին, հոկտեմբերի 21–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Կոստանյանի անունը շրջանառվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում։

Ըստ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին. «Հրապարակ»

Արձագանքելով այդ մեղադրանքներին` Կոստանյանը մամուլին ասել էր, որ «Մարտի 1-ի» զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով իշխանությունը փորձում է քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել` արդյունավետ գործունեության պատրանք ստեղծելու համար։