ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Հայաստանի խորհրդարանում քննարկվել է Վիետնամի հետ ԵԱՏՄ–ի ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Հայաստանը դեմ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ի հետ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազատ առևտրի համաձայնագիրն իր բնույթով նման է Չինաստանի հետ ստորագրած համաձայնագրին։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

«Սովորաբար մենք Վիետնամից ներկրում ենք հագուստ, արտահանում ավելի շատ սպիրտային խմիչք»,– ասաց Անանյանը։ Նա հավելելեց, որ ապրանքաշրջանառությունը հիմնականում սպառողական ապրանքների մակարդակում է և ոչ ռազմավարական։ 

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նշեց, որ Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նախաձեռնողը, ի տարբերություն Իրանի, Հայաստանը չի եղել, բայց մեր երկիրը համաձայնագրին դեմ չէ։

«Վիետնամի նկատմամբ մոտեցումը, ես կասեի, նույնիսկ կոնսենսուսային էր։ Վիետնամն ակնհայտորեն շատ արագ աճող տնտեսություն է, և այդ տեսակետից մենք չունեինք ոչ մի առարկություն։ Դրանից տնտեսական կորուստներ չենք կրելու, առարկություններ էլ չենք ունեցել»,– նշեց Քոչարյանը։

Քննարկվում է Հայաստանի ամենամեծ բիզնես կենտրոնը կառուցելու հարցը. Ալեն Սիմոնյան

Հիշեցնենք` ԵԱՏՄ–ի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին։

Այս փուլում ԵԱՏՄ անդամ երկրները հստակեցնում են իրենց մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման կանոնակարգերը` տեխնիկական պահանջները, տվյալների և էլեկտրոնային հաղորդագրությունների կառուցվածքը և փոխանակման կանոնները:

Դավիթ Անանյանն ԱԺ–ում հայտնեց, որ որոշ ապրանքների մասին տեղեկատվության փորձնական փոխանակման գործընթացը մեկնարկել է մեկ տարի առաջ` 2018թ-ի հոկտեմբերից։ Երկրորդ փուլը նախատեսվում էր սկսել 2019թ-ի հոկտեմբերից, բայց այդ ժամկետը փոքր–ինչ հետաձգվել է։ Իսկ 2021 թ-ի հոկտեմբերից նախատեսվում է սկսել էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման երրորդ, վերջնական փուլը՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև  շրջանառվող բոլոր ապրանքների նկատմամբ:

ԵԱՏՄ երկրներից մեկում որոշել են «հայկական» ապրանք արտադրել. գործը քննում է ԵԱՏՄ–ն

Տեղեկատվության փոխանակմանը վերաբերող համաձայնագիրն այսօր արժանացավ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։