Չեմ ուզում ձանձրացնել ձեզ թվերով, թե քանի տոկոսն է ինչի համար զղջում: Մանավանդ, որ ՇԱ՜Տ, ՇԱՏ բաների համար ենք ափսոսում մենք՝ հիսուննանցներս: Օրինակ, ինչու ժամանակին չանդամագրվեցի այսինչ կուսակցությանը՝ հիմա պատգամավոր կլինեի:
Ուղղակի ներկայացնեմ, ինչպես ասում են, թոփ թենը՝ կարևորագույն զղջումների տասնյակը:
Առաջին՝ աշխարհը չտեսա: Գիտեմ, թե հիմա ինչ եք ասելու՝ բայց ճանապարհորդելու համար փող պիտի ունենաս: Իհարկե, ճիշտ եք, բայց եկեք խոստովանենք՝ մեկ-մեկ էլ պարզապես ալարել ենք: Ասենք՝ ղարաբաղցի ծանոթն ասել է՝ դու միայն արի Ստեփանակերտ, ոչ մի խնդիր չես ունենա, թոթի արաղով ու գառան խորովածով կդիմավորենք, բայց չենք գնացել՝ 1000 ու մի պատճառ բռնելով:
Բրիտանացիների երկրորդ զղջումը՝ կենսաթոշակի համար ժամանակին բավարար փող չկուտակեցի: Հիմա գոնե համոզվեցի՞ք, որ անգլիացու և մեր հոգսը լրիվ նույնն է: Եթե հենց վաղը որոշեմ դադարեցնել այս հաղորդումը, կստանամ այնքան թոշակ, որ ձմռան ամիսներին իսկի ջեռուցման վարձը չեմ կարողանալու մուծել։
Երրորդ զղջումը, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է. անձնական կյանքին է վերաբերում: Չեմ ուզում մեկնաբանել, միայն ասեմ, որ բրիտանացիների մեկ հինգերորդը խոստովանել է՝ սխալ մարդու հետ եմ ամուսնացել:
Չորրորդ անկեղծ խոստովանությունը՝ այդպես էլ երբեք չասացի ծնողներիս, թե ինչ մեծ նշանակություն են ունեցել նրանք ինձ համար: Կրկին կարող եք համոզվել, թե որքան նման են մեր և բրիտանացիների զգացմունքները:
Հինգերորդ՝ սխալ կարիերա եմ արել: Իսկապես՝ ինչու էի միամտորեն կարծում, թե լրագրությունը շատ բարձր վարձատվող և հայաստանյան հանրության, մանավանդ իշխանությունների կողմից հարգված մասնագիտություն է։ Պարզվեց՝ բոլորովին էլ այդպես չէ։
Սրա հետ կապված վեցերորդ զղջումը՝ չափից շատ ինձ նվիրեցի աշխատանքին: Համաձայնեք՝ բրիտանացիների այս ափսոսանքն էլ շատ ու շատ հոգեհարազատ է: Միշտ հույս ունես, որ կաշվից դուրս գալը, տոն օրերին աշխատելը վերջապես կգնահատվեն՝ թեկուզ մի աննշան մրցանակ կստանաս: Բայց տարիներն անցնում են, մրցանակներն էլ կողքովդ են անցնում։
Բրիտանացիների յոթերորդ զղջումն էլ շատ հասկանալի է՝ երեխաներին բավարար ուշադրություն չհատկացրեցի: Սա կարծում եմ՝ պարզապես համամարդկային է: Մեկնաբանությունների կարիք էլ չկա՝ բոլորիս մեղքն է:
Ութերորդ՝ չափից շատ նշանակություն եմ տվել կյանքում ուրիշների կարծիքներին: Համաձայնեք, սա էլ մեր թերություններից մեկն է, մանավանդ հիմա՝ ֆեյսբուքյան դարում, երբ բոլորովին անծանոթ մարդիկ քո մասին կարող են ինչ ասես ասել, վիրտուալ աշխարհում վիրավորել՝ լրիվ անպատիժ: Ու փոխանակ թքես այդ ամենի վրա, ուշադրության չարժանացնես, հետո գիշերը գնում ես պառկում ու մտածում՝ լավ, ինչու այսպիսի վատ բան ասաց:
Այնդքան տանջվելու փոխարեն ավելի լավ չէ՞ր երաժշտական գործիքով նվագել սովորեինք, Բիթլների կամ Արմենչիկի երգերը երգեինք: Ինչպես երևի հասկացաք՝ սա էլ բրիտանացիների իններորդ զղջումն է՝ այդպես էլ չտիրապետեցի կիթառին, դաշնամուրին կամ ջութակին:
Եվ, ի վերջո, բրիտանական թոփ թենի՝ առաջին տասնյակի վերջին՝ տասներորդ զղջումը: Իմ կարծիքով, պետք է առաջինը լիներ: Հիշեցնեմ հարցը, որը տրվել է բրիտանացիներին՝ հիմա, երբ արդեն 50-ն անց եք, ինչի համար եք ձեր կյանքում ամենից շատ զղջում:
Բրիտանացիների 15 տոկոսը պատասխանել է՝ զղջում եմ այն բանի համար, որ քանի դեռ ծնողներս ողջ էին, ավելի շատ չհարցերցի իրենց կյանքի մասին, չխնդրեցի, որ մանրամասներ պատմեն իրենց կյանքից, իսկ հիմա արդեն ուշ է: