ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:
«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին»,-ասված է տեղեկատվության մեջ:
Նշենք, որ իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում:
Կոմիտասի «գտնված գերմաներենը». երգահանի անհայտ ստեղծագործությունները կհնչեն Երևանում
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Ստամբուլում Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ կլինի
Կոմիտաս վարդապետը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։