Նախավարժանք` 2050 թվականի համար. նախարարը խոսել է միլիոնավոր ծառեր տնկելու մասին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը վստահ է, որ անտառվերականգնումը դյուրին գործ չէ, բայց եթե կա ցանկություն, ուրեմն ամեն ինչ կստացվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ մինչև 2050 թվականը նախատեսվում է հարյուր միլիոնավոր ծառեր տնկել։

«Մեկ օրում այդքան ծառ տնկելն անհնար է». Այսեր Ղազարյան

«Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք, որպեսզի տնկիները, պատշաճ խնամքի դեպքում, անտառ դառնան:Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել:Միացեք»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին։

Անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Փաշինյանի նոր թվերը

Մինչ այդ, այս գաղափարը հնչել էր կառավարության նիստում, և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով` չէր քննարկվել հնարավոր դոնորների հետ։

Այդուհանդերձ, ծրագրի մասին պաշտոնապես արդեն մի քանի անգամ հայտարարվել է, և բնապահպանները տարակուսել են. այդ ծավալի աշխատանքներին պետք է նախապես պատրաստվել` ունենալ մշակված հողատարածք, ոռոգման հնարավորություն ու մեծ գումար` 10 մլն տնկի ձեռք բերելու համար։