Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին

Արայիկ Հարությունյանը նշում է, որ սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին` նշելով, որ ինքը ծանոթ է խնդրին, անձամբ է եղել այդ դպրոցում:

Նշենք, որ սոցցանցերում Դրախտիկ գյուղի լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է, որ դպրոցը զուրկ է տարրական պայմաններից, այնտեղ բացակայում են պատուհանները և աշակերտները ստիպված են այս ցրտին դասերն անցկացնել բառացի դժոխային պայմաններում։

Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել

Օգտատերերից Մայիս Մարգարյանն անգամ մի հուզիչ զրույց է ներկայացրել, որ տեղի է ունեցել իր և Դրախտիկի դպրոցի աշակերտներից մեկի միջև։

- Էս դպրոցի հարցը ի՞նչ տի լի, Մայի՛ս։

 -Ո՞ր պահը, ապեր։ Հեն ա Արարատը բաց նամակ ա գրել նախարարին, պետք ա տեսնենք։

- Ախպեր, թքած վիճակ ա, հազիվ ենք դիմանում։- Թքած վիճակը ո՞րն ա։

- Ախպեր, 7 աստիճան ա դասարաններում, 17 պետք ա լինի։ Հա, սենց ո՞նց կլինի։

- Բա փեչերը չե՞ն օգնում հեչ։

- Ախպեր, նավթ ենք վառում, համ խեղդում ա, համ էլ չի տաքացնում նորմալ։ Քիչ ա մնում տանից փեդ պիրինք, վառենք։ Էդ նավթն էլ ինչ-որ չափ ունի, ուզում ես վառես, չմրսես, բայց չես կարող սահմանն անցնել։

- Հըըըմ։

- Մայիս, իմ արև, նախորդ տարիներին ցուրտը տարել ա ոտքերս, անցած տարի էլ մի խոխա էր ցրտահարվել։ Մի բան արեք էլի, սենց չի լինի...

Ի դեպ, օգտատերերի տեղեկոթյուններով` Դրախտիկի վթարային դպրոցը չի ներառվել 2020թ.–ի վերանորոգվող դպրոցների ցանկում։

«Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ»,–փորձել է խնդիրը պարզաբանել նախարարը:

Նա ներկայացրել է, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները և խոստացել, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ ներկայացնել:

Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ

«Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք»,–Facebook-յան իր էջում գրել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ այսօր խոսել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մարզպետը տեղեկացրել է, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար: