ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գեղամ Օհանյանն ու Հենրիկ Գևորգյանը, որոնց նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը փնտրում էին փրկարարները և հայտնաբերեցին Սպիտակասար ու Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում, չեն կարողացել իրենց մասին տեղեկություն հայտնել, որովհետև կապ չի եղել։ Օհանյանն այս մասին գրել է Faecbook սոցիալական ցանցի իր էջում։
«Ամենագնաց ավտոմեքենայով առավոտյան դուրս էինք եկել պարոն Հենրիկի հետ և շարժվել դեպի Գեղարդ։ Որոշել էինք Գեղամա լեռնաշղթան հատել և հայտնվել հակառակ կողմում՝ դեպի Սևանի Մարտունի քաղաք։ Բնականաբար պետք է Գեղարդի կողմից բարձրություն հավաքեինք և հետո վայրէջք դեպի հակառակ կողմ, ու փաստորեն մեր ճանապարհի ամենաբարձր հատվածում ճանապարհի որոշակի հատված ձյունածածկ էր։ Մենք կա՛մ պետք է որոշում կայացնեինք ուղիղ կես ճամփից հետ դառնալ, կա՛մ պիտի վճռեինք անցնել ձյունածածկ հատվածը ու իջնել դեպի նպատակակետ»,– գրել է նա։
Օհանյանի խոսքով` իրենց որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն, որ այդ հատվածում ավտոմեքենայի թարմ հետքեր են եղել, նրանք որոշել են այդ հետքերով գնալ։
«Ու տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի չէր, ձյան տակ կային հողի փոքրիկ փոսեր, որոնց մեջ հայտնվեց մեր ավտոմեքենայի ակները։ Ինձ մոտ էլ հարց առաջացավ` բա ինչո՞ւ դիմացի ավտոմեքենան չէր ընկել այդ փոսերի մեջ, ենթադրում եմ, որ նրա ակների հեռավորությունը իրարից ավելի մեծ է եղել կամ առավոտյան վաղը ձյունը այնքան սառած է եղել, որ պահել է իրենց ավտոմեքենան, հիշեցնեմ, որ վերևում շատ ցուրտ էր։ Դեպքը տեղի ունեցավ 16։30-ի սահմաններում»,– նշել է նա։
Օհանյանն ու Գևորգյանը երկու տարբերակ են ունեցել` կա՛մ անմիջապես թողնել ավտոմեքենան ու ոտքով շտապել հետ (ունեին 1,5 ժամ, 6-ին մթնում է), կա՛մ փորձեին այդ 1,5 ժամվա ընթացքում ավտոմեքենան հանել փոսի միջից` տարբեր հնարքներ կիրառելով։
«Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը ու փաստորեն մնացինք այնտեղ։ Մթնելուց հետո շարժվելը խիստ վտանգավոր կլիներ, քանի որ տարածքը լի է գայլերով ու արջերով։ Գիշերը մնացինք ավտոմեքենայի մեջ, բայց տեղանքից կապ չկար, որպեսզի զանգ տայինք ու ասեինք, որ մեզ մոտ ամեն բան նորմալ է։ Ահա ողջ եղելությունը․․․»,– նշել է Օհանյանը։
Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը
Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին լուրեր տարածվեցին, որ երկու ակտիվիստ–ալպինիստներ կորել են սարերում։ Հետո ԱԻՆ–ը հաղորդագրություն տարածեց` ժամը 21։27–ին ահազանգ են ստացել, որ երկու քաղաքացի գնացել են դեպի Աժդահակ լեռ, և նրանց հետ արդեն տևական ժամանակ չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ փրկարարական խումբ և 15 քաղաքացիական անձ։ Որոնողական աշխատանքներում նաև ուղղաթիռ էր ներգրավվել։ Նոյեմբերի 22-ին, ժամը 09:53-ին նրանք հայտնաբերվել էին Սպիտակասար և Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում։
Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ