ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները, որոնք Հայաստան էին գալիս, հարցաքննվում են։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:
«Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,–նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։ Արդեն հայտնել էինք, որ 3 ձերբակալված կա։ Դեսպանությունը հայտնում է, որ երեքն էլ ՀՀ քաղաքացիներ են։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։