Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը

Տարիներ առաջ Հայաստանում կատարված որդեգրումների գործընթացում հայտնաբերված չարաշահումները կարող են բացասաբար ազդել որդեգրվող երեխաների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Որդեգրման գործընթացում բացահայտված չարաշահումների մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունից հետո հնարավոր է` Եվրոպան ու ԱՄՆ–ն հրաժարվեն երեխաներ որդեգրել Հայաստանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Մասնավորապես` 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

«Եթե այդ կասկածները դատարանում ապացուցվեն, վստահաբար մի քանի երկիր հրաժարվելու են Հայաստանից երեխա տանել` զուտ այն հիմնավորմամբ, որ մեր ներպետական ռիսկերն այդ ոլորտում չեն կառավարվում»,– ասաց նա։

Նման մի դեպք, ի դեպ, արդեն գրանցվել է 2017թ–ին, երբ ՀՀ կառավարությունը վերանայում էր երեխաների որդեգրմանը վերաբերող օրենսդրությունը։

Պտույտների համար խենթացող ու Բախի արիայից հուզվող «ինժեներ» Ռաֆոն. աուտիզմի ուրիշ աշխարհը

«Մենք դեպք ենք ունեցել, երբ Ֆրանսիան ասել էր` քանի որ դու օրենքը փոխում ես, անորոշություն կա, ես չեմ թողնում, որ քո մոտից երեխա տանեն։ Շուրջ 7-8 ամիս Ֆրանսիան կասեցրել էր որդեգրումները»,– ասաց Քրմոյանը, որն այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Նրա խոսքով` դրա հիմնական պատճառն այն է, որ Երեխայի որդեգրման միջազգային կոնվենցիայի անդամ պետություններում այս հարցի նկատմամբ վերաբերմունքը չափազանց խիստ է։

 «Հավաստիացնում եմ ձեզ, որ իրենց մոտ վերահսկողությունը 10 անգամ ավելի խիստ է, քան մեզ մոտ։ Նախ` մինչ որդեգրումը տվյալ երկրի սոցիալական ծառայությունը մի հաստափոր զեկույց է ուղարկում Հայաստան, այն մասին, թե այդ մարդը որտեղ է ապրում, որտեղ է աշխատում, ինչ աշխատավարձ է ստանում, ինչ գույք ունի։ Երաշխավորություններ է ուղարկում եկեղեցուց, հարազատներից, բարեկամներից, աշխատատեղից»,– ասաց Քրմոյանը։

Որդեգրումից հետո ևս տվյալ երկրի լիազոր մարմինը տարին երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ վիճակում է երեխան` կցելով երեխայի լուսանկարները`հարազատների, ընկերների հետ, կենցաղում ու դպրոցում։ Հաշվետվության մեջ ներկայացվում են նաև երեխայի կրթության ու առողջական վիճակի մասին տեղեկանքներ։ 

Եթե Քրմոյանի մտավախություններն իրականանան, ու Կոնվենցիայի անդամ երկրները դադարեցնեն Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացը, ապա տուժելու են հիմնականում արատ ունեցող երեխաները, քանի որ այդ երկրներից հիմնականում այս երեխաներին են որդեգրում։

«Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել։  Իսկ, օրինակ, ի՞նչ են անում Միացյալ Նահանգներում։ Նրանք աուտիզմով հիվանդ երեխա ունենալով` ևս մեկ աուտիզմով հիվանդ երեխա են որդեգրում, որ այդ երեխաներն իրար հետ նույն ֆորմատով շփվեն։ Կամ` որդեգրել է ազգությամբ հայ երեխա, տարել է Գերմանիա, հիմա ևս մեկին է ուզում որդեգրել»,– ասաց Քրմոյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս տարված երեխաներին, ՀՀ կառավարությունն իրավունք ունի տարին 2 անգամ պետական բյուջեի ու միջազգային դոնորների միջոցներով այցելել տվյալ երկրներ` տեղում տեսնելու, թե երեխան ինչպես է ապրում նոր ընտանիքում։

Քրմոյանի տվյալներով` իր պաշտոնավարման ընթացքում վերջին նման այցերը տեղի են ունեցել 2018թ–ին։ ՀՀ ներկայացուցիչները 2 երկիր են այցելել։

Ինչպես է աուտիզմ ունեցող Հայկը թմբուկ ու քսելոֆոն նվագում. կարևորը չհուսահատվելն է

Կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկրներում վերահսկողություն իրականացնելը շատ ավելի բարդ է։  Այս դեպքում երկու երկրների հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով։ Քրմոյանը, սակայն, խորհուրդ է տալիս խուսափել նման որդեգրումներից։

«Ես կարծում եմ` այդ դեպքերը պետք է լինեն բացառիկ։ Օրինակ` եթե որդեգրում է որևէ ազգական, որը բնակվում է կոնվենցիայի ոչ անդամ որևէ երկրում։ Ազգակցական կապի դեպքում մենք երաշխիքներ կունենանք, որ երեխայի նկատմամբ բավարար հոգատարություն կլինի»,– նշեց նա։  

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Ինչ վերաբերում է Հայաստանին ու նախորդ տարիներին կատարված չարաշահումների դեպքերին, Քրմոյանի համոզմամբ, որդեգրման հետ կապված չարաշահումները մեր երկրում հիմնականում կատարվում են ստորին օղակներում։ «Ամենամեծ ռիսկը, որ կար այդ տարիներին, այն էր, երբ ծնողը հայտարարում էր, որ հրաժարվում երեխայից` հօգուտ կոնկրետ անձի։ Կոռուպցիոն ռիսկ է` գումար է տվել, համոզել է և այլն»,– ասաց նա։

Շուրջ 1.5 տարի առաջ տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո նման հնարավորությունը բացառվել է։ Միակ բացառությունը սահմանված է ծնողական խնամքից զրկված երեխային` ազգականների կողմից որդեգրման դեպքում։

Նոր օրենքով` մայրը երեխայից կարող է հրաժարվել միայն սոցիալական աշխատողի ներկայությամբ, որպեսզի բացառվի ծննդկանի վրա հնարավոր ճնշումը։

«Սոցիալական աշխատողն ասում է` աղջիկ ջան, խելքի արի, քո երեխան է։ Այսինքն` այնպես չէ, որ մի հոգի կարող է ծննդկանին ճնշել։ Մայրն էլ չի կարող վաճառել իր երեխային։ Բոլոր այն խնդիրները, որոնք ստորին օղակներում ժամանակին նկատվել են, նոր օրենքում փորձ է արվել բացառել»,– ասաց Քրմոյանը։

Ընտանեկան նորացված օրենսգիրքը, որով փոփոխություններ են կատարվել երեխաների որդեգրման համակարգում, ուժի մեջ է մտել 2018թ.–ի հունվարին։

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց