ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել NewsMedia–ն։ Տեսանյութում երևում է` ինչպես են ոստիկանները բռնի ուժով փորձում ցուցմունք կորզել մի տղամարդուց, ում ոտքերն ու ձեռքերը կապել են գոտիով։
Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին»,–այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ` դեպքի առնչությամբ ստուգումներ են իրականացվում։