ՌԱԴԻՈ

Մելքոնյան. «Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը սթափեցնող հայտարարություններ անի »

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կոչին, որով հայտնի օրենսդիրն իր գործընկերներին հորդորել էր արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Sputnik
Մելքոնյան. «Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը սթափեցնող հայտարարություններ անի »

Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը, և նա օգտվել է վետոյի իր իրավունքից՝ կասեցնելով հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ 

Թուրք–ամերիկյան պայմանավորվածություններ. ինչպես առաջ մղել Ցեղասպանության բանաձևը Սենատում

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ հարցին կարելի է նայել երեք դիտանկյունից: Առաջինն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը փաստորեն 104 տարի հետո էլ աշխարհում դեմոկրատ պետության համարում ունեցող կամ այդպիսին համարվելու համար պայքարող երկրում՝ ԱՄՆ-ում, շարունակում է մնալ քաղաքական տարաձայնությունների ու քաղաքական առևտրի առարկա, և 104 տարի հետո էլ Սենատում այդ խնդրի շուրջ, ըստ էության, գերակայում է քաղաքական շահը, ոչ թե հավատարմությունը համամարդկային արժեքներին:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ ցեղասպանության խնդիրը թուրք-ամերիկյան հարաբերությունների գործիքակազմի կարևոր մասն է կազմում և տասնամյակներ շարունակ պահպանում է իր տեղը: Ապագայի համար էլ որևէ դրական նախանշան չկա, որ այն կփոխի իր կարգավիճակը, և միշտ կհայտնվի սենատոր կամ սենատորների խումբ, որոնք կփորձեն թուրք–ամերիկյան հարաբերությունները կարևորել համամարդկային արժեքներից»,- նշում է Մելքոնյանը:

Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

Թուրքագետի կարծիքով՝ երրորդ հանգամանքն այն է, որ այս ամենը կարող է անվերջ շարունակվել, և Հայաստանի անկախությունից հետո ու դրանից առաջ էլ Հայոց ցեղասպանության խնդիրը եղել է միջազգային քաղաքականության առևտրի նյութ, ուստի վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանի ու հայկական կառույցների կողմից լինեն բարոյական ու երևի թե նաև կոպիտ, բայց սթափեցնող հայտարարություններ առ այն, որ առնվազն բարոյական չէ մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը տարիներ շարունակ դարձնել քաղաքական առևտրի առարկա: Եվ դա, Մելքոնյանի համոզմամբ, պետք է լինի մեր պաշտոնական դիրքորոշումը: