Եվրո 2020-ի ընտրական վերջին խաղում խայտառակ պարտությունից հետո (որտեղ մեր հավաքականը 1:9 հաշվով «պատմական» պարտություն կրեց Իտալիայի հավաքականի հետ խաղում) պարզ էր, որ հայկական ֆուտբոլում հարկավոր են լուրջ փոփոխություններ: Ընդ որում, փոփոխությունները չեն վերաբերում միայն մարզչին կամ թիմի կազմին: Հարկավոր է փոխել ամեն ինչ ու պետք է սկսել ՀՖՖ-ի ղեկավարությունից ու ՀՖՖ-ի գործկոմից:
Այսօր` նոյեմբերի 21-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայանալու է ՀՖՖ գործկոմի նիստը: Պարզ է, որ այդ նիստի ընթացքում շատ կարևոր հարցեր են քննարկվելու: Կարծում ենք`քննարկվելու է նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման հարցը: Բայց ըստ կանոնակարգի` ՀՖՖ-ի գործկոմը չի կարող պաշտոնից հեռացնել նախագահին: Դա հնարավոր է անել միայն ՀՖՖ կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների քվեարկությամբ, համաժողովի միջոցով: Դեռ այդտեղ չենք հասել:
«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան
Երբ մեկուկես տարի առաջ ՀՖՖ նախագահի փոփոխության հարց դրվեց, բոլորը միաձայն ընտրեցին այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Չնայած այն ժամանակ էլ պարզ էր, որ Վանեցյանը, զբաղեցնելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպության ղեկավարի պաշտոնը, դժվար թե կարողանար կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Հնչեցին ազգային նոր ստադիոն կառուցելու կոչեր, ներկայացվեցին նախագծեր, ֆուտբոլի զարգացման նոր ուղիներ մատնանշվեցին:
Ի՞նչ ունենք հիմա: Անկեղծ ասած` ոչ մի բան էլ չի ավելացել մեր ֆուտբոլում, ավելի շուտ` հակառակը: Այն, որ մեր հավաքականը 1:9 հաշվով կարող էր պարտվել, թեկուզ Իտալիայի ընտրանուն, չար երազ էր: Բայց նաև ապացույց, որ մեկ մարդու սխալի պատճառով չէ, որ մենք կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ: Համակարգային ակնառու թողտվության պատճառով է, որ մեր թիմը նման արդյունք է գրանցում: Ու այստեղ մարզիչն ու թիմը մեղավորների ցուցակում վերջում են:
Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին
Ինչու՞ այսօրվա պես ակտիվություն չէր դրսևորում ՀՖՖ գործկոմն այս դաժան պարտությունից առաջ: Ստացվում է, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ ընտրվել էր, որովհետև ԱԱԾ պետն էր: Հենց Վանեցյանին հեռացրին այդ պաշտոնից, նրա նկատմամբ անմիջապես հարձակում սկսվեց։ Հիմա էլ օգտագործում են պատեհ առիթը՝ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խայտառակ պարտությունների տեսքով: Խոսքը գործով է ամրագրվում, իսկ մեր ֆուտբոլում դեռ խոսելուց բացի գործնական ոչինչ չկա: