ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հացը, ձուկը, պանիրը, երշիկեղենն ու մսեղենը կտրատվում են, պահածոները բացվում և տեղափոխվում այլ տարայի մեջ, ծխախոտի տուփերը բացվում ու ստուգվում են, կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում` կտրատվում, գրքերը, ամսագրերը թերթվում են, շապիկները`շոշափվում` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հենց այս կարգով են ստուգում դատապարտյալների հարազատների բերած սնունդը։ Ընդ որում, այս ամենն իրականացվում է օրինական կարգով։ Հանձնուքների ստուգելու այս գործողությունները թվարկված են ՀՀ կառավարության 2006թ–ի որոշման մեջ։
«Զննումը կատարվում է այնպես, որ մթերքներն ու իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները»,– նշված է այդ որոշման մեջ։
«Արթիկի» կալանավորներից մեկին Գյումրվա քյալլա են տարել, որը «սյուրպրիզով» է եղել
Ու թեև այս որոշումն ընդունվել է 13 տարի առաջ, երբ ՔԿՀ–ներն ապահովված չէին արտաքին զննության տեխնիկական միջոցներով, բայց այսօր էլ վիճակը նույնն է։ ՔԿՀ աշխատակիցներն այսօր էլ բացում են հանձնուքները, կտրատում ու դատարկում դրանց պարունակությունը, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ բոլոր ՔԿՀ–ն արդեն ապահովված են համապատասխան զննության սարքավորումներով։
ՔԿՀ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները վերջին նման դեպքն արձանագրել են «Հրազդան» ՔԿՀ–ում։
Այցելության պահին հանձնուքների ստուգման սարքը չի աշխատել, և հանձնուքները ստուգվել են ձեռքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։
«Մեր վերջին այցերի ընթացքում բացահայտել էինք այդ խնդիրը «Հրազդան» ՔԿՀ–ում։ Գրավոր դիմել էինք իրենց և հույս ունենք, որ ըստ պատասխանի, թե քայլեր են ձեռնարկվում, համապատասխան արդյունքն էլ կլինի։ Ճիշտ է` սա կոնկրետ մի ՔԿՀ–ի պարագայում էր, բայց եթե բոլորը գնանք, ստուգենք, չեմ բացառում, որ ամեն տեղ կարող են խնդիրներ լինել»,– ասաց Հարությունյանը։
«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի մեղրի տարայի մեջ թմրամիջոցի նմանվող նյութ են հայտնաբերել
Նրա խոսքով` զննությունը ձեռքով իրականացնելու հետևանքով խախտվում են ոչ միայն սանհիգիենիկ կանոնները, այլև դատապարտյալին իր հանձնուքը հասնում է բզկտված, մասնատված վիճակում։
Ստեղծված իրավիճակը շտկելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել 2006թ–ից գործող որոշումը վերանայելու առաջարկով։
Նոր որոշմամբ նախարարությունն առաջարկում է արգելել հանձնուքների ձեռքով զննությունն ու դրա փոխարեն կիրառել համապատասխան տեխնիկական միջոցներ։
«Ներկայում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար բերված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու համար նախատեսված սարքերով, որոնց միջոցով ստուգելուց հետո քրեակատարողական ծառայողների կողմից կրկնակի նշված իրերի ու առարկաների զննումը, կտրատումը, առանձին տարաների մեջ տեղափոխումը և այլ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի և առարկաների բաղադրությունը»,– ասված է կառավարության որոշման նախագծում:
Նույն իրավական ակտով ՔԿՀ աշխատակիցներին իրավունք է վերապահվելու հանձնուքը բացել միայն այն դեպքում, երբ սարքով զննելուց հետո դրանում արգելված իրերի կամ նյութերի առկայության կասկած է առաջացել։
Դիտորդական խմբի ղեկավարը ողջունում ու դրական է գնահատում կառավարության նախաձեռնությունը։
«Եթե ինչ–որ սննդատեսակ է, որը բացվում է, քրքրվում, ստուգվում, այլևս նման բան չի արվի, սնունդն ամբողջական տեսքով կհասնի անձին։ Այդ միջամտությունը չի լինի, և դա շատ լավ է»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ տեխնիկական միջոցներով ստուգումը կարագացնի գործընթացն ու կնպաստի հերթերի վերացմանը։
Բայց դրականին զուգահեռ, մտավախություն կա, որ նոր կարգը կարող է նաև որոշ բացասական հետևանքների հանգեցնել։
Մեր զրուցակցի խոսքով` եթե նման քայլ է արվում, ապա ՔԿՀ–ներում պետք է ապահովվեն տեխնիկական միջոցների` սարքին վիճակում լինելը։
«Արդյո՞ք սարքավորումներն այնքան արդյունավետ են գործելու, որ թույլ տան ամբողջությամբ բացահայտել այն բոլոր արգելված նյութերը, իրերը, որոնք հնարավոր է` հանձնուքներ բերող մարդիկ փորձ անեն ներմուծել ՔԿՀ։ Դրա համար նախ անհրաժեշտ է, որ բոլոր ՔԿՀ–ներն ապահովված լինեն բարձրորակ ու սարքին տեխնիկական միջոցներով»,– ասաց Հարությունյանը։
Բացառված չէ նաև, որ կառավարությունը մի բան որոշի, գործնականում մեկ այլ բան արվի։ Օրինակ` սարքավորումները լինեն, բայց ՔԿՀ աշխատակիցները անհրաժեշտ համարեն ձեռքով լրացուցիչ զննություն իրականացնելու։ Այս պարագայում կխախտվեն ո՛չ միայն դատապարտյալների իրավունքները, այլև իրավական նորմերը։
Իսկ թե գործնականում ինչ կտա դատապարտյալներին կառավարության նոր որոշումը ու ինչպես այն կգործարկվի իրականում, Հարությունյանի կանխատեսմամբ, պարզ կլինի արդեն 2020թ–ի կեսին, երբ դիտորդական խումբը կամփոփի ՔԿՀ–ներում տեխնիկական հագեցվածության վերաբերյալ դիտարկումների արդյունքները։
Նշենք, որ կառավարության որոշման հիշյալ նախագիծն արդեն հրապարակված է իրավական ակտերի նախագծերի e-draft.am հարթակում։ Նախագծի հանրային քննարկման համար վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 6-ը։ Դրանից հետո այն կներկայացվի գործադրի հաստատման։