«Գյումրեցին նման բան չի անի». Մարինա Խաչատրյանի հայտարարությունը զայրացրել է շատերին

Գյումրու տնակներում ապրող երեխաներին թուրքերին վաճառելու հայտարարությանն արձագանքել են փոխքաղաքապետը, պատգամավորներն ու քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ–ի նախագահ Մարինա Խաչատրյանի` գյումրեցի երեխաներին թուրքերին վաճառելու հայտարարությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել համացանցում:

Աղետի գոտու 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանան

Խաչատրյանն օրերս հայտարարել էր, թե Գյումրու տնակներում բնակվող մեր քաղաքացիները հենց տնակներից վաճառում են իրենց երեխաներին, մայրերին համոզում են ու երեխաներին վաճառում:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարություն անելուց առաջ պետք է խնդիրը մի լավ ուսումնասիրել ու խոսել փաստերով։

«Այսքան տարիների ընթացքում ես նման բան չեմ լսել։ Եթե նույնիսկ ենթադրենք` ինչ–որ մեկը նման բան արել է, կարելի՞ է ընդհանրացնել ու մարդկանց վիրավորել: Մարդիկ տնակներում են հայտնվել աղետի հետևանքով, և դա չի նշանակում, որ որևէ մեկն իրավունք ունի կասկածի տակ դնելու նրանց թասիբն ու արժանապատվությունը։ Գյումրին ինքնահաստատման փորձադաշտ չէ։ Գյումրեցին նման բան չի անի: Եթե գտնեն մի դեպք, թող նաև հստակեցնեն` գյումրեցի է, թե չէ: Չի կարելի վարկաբեկել ամբողջ մի քաղաք»,– ասաց նա:

Մարինա Խաչատրյանի հայտարարությանն արձագանքել են նաև Facebook սոցիալական ցանցում։

Գյումրու որոշ շենքեր անձնագիր կունենան

«Ես` որպես գյումրեցի կին և մայր, կոչ եմ անում ոմն մարինա խաչատրյանին (հարկ չեմ համարում անուն ազգանունը գրել մեծատառ) գալ Գյումրի և յուրաքանչյուր հնչեցրած բառի դիմաց պատասխան տալ»,- գրել է Սվետլանա Ադամյան անուն–ազգանունով օգտատերը։

Գրառում է կատարել է նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Թեև անիմաստ է այդ տիկնոջն անդրադառնալ, բայց մի ողջ քաղաքի է պիտակավորում»,-գրել է նա։

Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է

ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ նշել է, որ հանգամանքները պարզելու խնդրով դիմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Նա էլ ի պատասխան նշել է, որ ասուլիսի այդ հատվածն ուղարկել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որպեսզի ձեռնարկեն ստուգողական, օպերատիվ գործողություններ` ասուլիսում հայտարարված հանգամանքները պարզելու համար։