Աբովյան 10 հասցեի շենքը միտումնավո՞ր է հրդեհվել. տեղի բնակիչները զայրացած են

Երևանի Աբովյան 10 հասցեում այրվող շենքն ու հարակից կառույցները հանրային գերակա շահ են ճանաչվել. շենքերի գնորդը Սամվել Մայրապետյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երևանի Աբովյան փողոցի բնակիչները վստահ են` Աբովյան 10 հասցեում գտնվող երկհարկանի շենքի հրդեհը միտումնավոր է արվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհվող շենքի հետնամասի տներից մեկի բնակիչը` Արմինե Գյուլգյուլյանը։

«Տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, հիմա այրում են, որպեսզի հեշտ տիրանան այդ կառույցին։ Մենք դատի ենք տվել Սամվել Մայրապետյանին, որն էլ գնել է այս ամբողջ տարածքը, սակայն դատարաններից դեռ որևէ լուր չունենք»,–ասաց նա։

Բնակիչը նշեց նաև, որ այրվող շինության հետնամասում գտնվող տները փայտից են և հրդեհը շատ արագ կարող է տարածվել այնտեղ։

Հրդեհ Գեղարքունիքում. գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

Երևանի կենտրոնում` Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում, այրվում է «Պրովանս» ռեստորանի երկհարկանի շենքը։ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 13:46-ին։

Ի դեպ, դեպքի վայրում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով` հրդեհը 20 րոպեի ընթացքում ամբողջությամբ այրել է տանիքը։

«Հրշեջները շատ արագ են եկել դեպքի վայր, ահազանգից հետո րոպեներ անց տեղում են եղել։ Տանիքն ամբողջությամբ փայտից է ու նաև փտած, դրա համար էլ արագ է տարածվել կրակը»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` Աբովյան–Պուշկին փողոցում գտնվող այս շինությունը Երևանի գեղեցիկ շենքերից մեկն է, և ինքն ուզում է տեսնել` կարողանում են փրկել այն, թե ոչ, որ նոր գնա աշխատանքի։

Երևանի Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել 2008-ին: Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին։ Ըստ նախագծի` ծրագրվում էր այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցներից մինչև բնակելի շենքեր:

Հիշեցնենք, որ Մայրապետյանն այս պահին Գերմանիայում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։