ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ է պարունակում: Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով բլից հարցերին:
Ներկայացնում ենք Վանեցյանին ուղղված բլից հարցերից որոշները:
-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը ՀՀ համար վտանգներ պարունակո՞ւմ է:
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
-Պարոն Վանեցյան, Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր:
-Կարծում եմ՝ այո:
-Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցություններն ակտիվ քաղաքական գործունեությո՞ւն են ծավալում:
-Այո:
-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:
– Չեմ պատասխանի այդ հարցին:
-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:
-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:
-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:
-Կարծում եմ:
-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:
-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և թե ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:
Փառք Աստծո, որ ինձ իրենց քաղաքական թիմի անդամ չեն համարել. Վանեցյան
Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից այսօր հրաժարական տալը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՖՖ-ում տեղի ունեցավ գործկոմի նիստ, որի ավարտից հետո էլ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Նա նշեց, որ նոյեմբերի 19-ին կայացած ԵՎՐՈ 2020–ի ընտրական փուլի վերջին` «Իտալիա»–«Հայաստան» հանդիպումից հետո 1։9 հաշվով Հայաստանի պարտությունն աննախադեպ ու մտահոգիչ էր, և հարցերին պետք է լուծում տրվեին: Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է նշանակվել 2018–ի սեպտեմբերի 22–ին։ Իսկ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին. ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր 2019-ի սեպտեմբերի 16-ին: