Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Գյումրիում ավելացել է տուրիստական հոսքը։ Ասում են` Գերմանիայից եկած շատ զբոսաշրջիկներ փորձում են գտնել իրենց` ռազմագերի պապերի գերեզմանը։ Ի՞նչ վիճակում է Գյումրիում գտնվող ռազմագերիների գերեզմանատունը` փորձել է պարզել Sputnik Արմենիայի թղթակիցը։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրիում քչերը գիտեն, որ հայտնի «Սլաբոտկա» թաղամասում՝ նախկին բանտի հարևանությամբ, կա մի գերեզմանատուն, որտեղ թաղված են Մեծ Հայրենականից հետո Հայաստան ուղարկված գերմանացի ռազմագերիները:

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Վերջերս գերեզմանատան այցելուների թիվն ավելացել է՝ հիմնականում գերմանացի զբոսաշրջիկներն են հետաքրքրության համար գալիս, բայց, ցավոք, գերեզմանոցը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Այդ կողմ տանող ճանապարհն անբարեկարգ է, հուշող որևէ ցուցանակ չկա։ Գերեզմանոցի մասին վկայում են միայն բլրի վրա տեղադրված համեստ խաչերն ու գրությունը՝ «Այստեղ թաղված են Մեծ հայրենականի ռազմագերիները»:

Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում

Sputnik Արմենիային գերեզմանոցը հաջողվեց գտնել հարևանությամբ բնակվող մարդկանց օգնությամբ: Ճանապարհը հեշտ չէր, այն չիմանալու պատճառով ավելի դժվար արահետով էինք շարժվել: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի տեղակալ Արման Շաբոյանը նշեց, որ որպես քաղաքի ոչ գլխավոր հատված այդ տարածքները մաքրվում են ամիսը 2 անգամ, բայց խոստացավ այսուհետ ավելի պարբերաբար տարածքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կազմակերպել և տեղադրել համապատասխան ցուցանակ։ Նշենք, որ գերեզմանոցը համայնքապատկան է, տարածքի բարեկարգումն ու մաքրումը քաղաքապետարանն է  իրականացնում:

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Ասում են՝ գերեզմանոցը նախկինում շարքերով է եղել. դրանք ավելի ուշ հարթեցրել են, ընդամենը մի քանի խաչ ու գրություններ են տեղադրվել:

Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին

«Կար մի գյումրեցի Կորյուն անունով (Կորյուն Հարությունյան), տեղացիները նրան «Խաշ Կորյուն» էին անվանում: Գերեզմանոցն իր նախաձեռնությամբ է կարգավորվել՝ գերմանացիների ֆինանսական աջակցությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Գերեզմանոցը տեսքի է բերվել մինչև երկրաշարժը: Հարևանությամբ ապրող 80-ամյա Վասիլ Գարգալոյանը ևս հիշում է, որ այն սարքելու համար ֆինանսական աջակցություն Գերմանիայից է եղել. «Ասում են՝ այստեղ բերված գերիներից մեկը, հետ վերադառնալով Գերմանիա, որոշել է օգնել ու ֆինանսական միջոցներ տրամադրել իր հայրենակիցների գերեզմանոցը սարքելու համար»,-պատմում է պապը ու հիշում իր մանկության տարիները. «Մահացածներին ֆուրղունով (ձիակառք) թաղելու էին բերում: Մոտ 400 մարդ կա այստեղ հուղարկավորված: Տարիներ առաջ գերեզմանները համարակալված էին,  որպեսզի Գերմանիայից եկած հարազատները կարողանային գտնել իրենց ուզած գերեզմանը։ 1970- ականներին եղել է, որ գերմանացի գնդապետի դի են այստեղից հարազատները տարել»:

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Վասիլ պապը հիշում է, որ տարիներ առաջ տարածքում ջրավազան է եղել, գերեզմանոցն էլ` ծաղիկներով պատված: Այդ տարիներին շատ ավելի լավ էին հետևում, գերեզմանատունը պահակ ուներ։ Հիմա մեկ- մեկ  քաղաքապետարան է մաքրում, ջրավազանն ու ծաղիկներն էլ երկրաշարժից հետո վերացել են:

Մինչ երկրաշարժը գերեզմանատան պահակը վարպետ Սպիրդոն  է եղել։ Չնայած նա Մեծ Հայրենականին մասնակցել ու գերմանացիների ձեռքով վիրավորվել էր, բայց ռազմագերիների գերեզմանոցը խնամել ու դրա մասին հոգ է տարել: Հարևանությամբ ապրողներն են վկայում՝ Սպիրիդոնի մահից հետո հետևող չկա:

Գնդակահարված հայերի ցուցակները կան, բայց նրանց հիշատակը հավերժացնող արձաններ չկան

Պատմում են նաև, որ գերմանացի գերիների հանդեպ քաղաքի բնակչությունը շատ լավ էր վերաբերվում։

«5-6 տարեկան էինք, երբ տեսնում էինք, որ գերիներին բերում էին ընկնում էինք հետևներից հաց ու ջուր տալիս: Ուղեկցող զինվորները բարկանում էին, բայց հո չէին բռնելու մեզ դրա համար: Խղճում էինք, բայց մեկ- մեկ էլ հետևներից «նեմեց» էինք գոռում»,-պատմեց Վասիլ պապը՝ խորհուրդ տալով քաղաքային իշխանություններին ավելի լավ խնամել տարածքը, բարեկարգել ճանապարհը։ Դա, ըստ պապի, ոչ միայն հային վայել կլինի, այլ նաև գերեզման այցելող գերմանացի զբոսաշրջիկներին` հաճելի:                                                               

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ու 1945 թվականի հաղթանակից հետո շատ ռազմագերիներ ուղարկվեցին Հայաստան, նրանց մի մասը ուղղորդվեցին  Լենինական(այժմ` Գյումրի): Նրանք Խորհրդային Հայաստանի երկրորդ քաղաքում հիմնականում «Նոր ավան» թաղամասում էին շինարարություն էին իրականացնում. նրանց ուժն օգտագործվել է նաև փողոցաշինության մեջ՝ քաղաքի կենտրոնը զարդարող քարե սալիկներով փողոցները ևս գերմանացի ռազմագերիներն են սարքել:

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը

Պաշտոնական տվյալներով` մինչ Հայրենական պատերազմը`1939 թ. Հայաստանում բնակվել է 433 գերմանացի։ 1989 թվականի տվյալներով` հայաստանաբնակ գերմանացիների թիվը եղել է 265, 2001-ին` 133: Իսկ 2011 թ. տվյալներով` Հայաստանում բնակվող 100 գերմանացիների մեծ մասն ապրում է Երևանում, որոշ  մասը` Լոռու մարզում:

Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը